ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ ուկրաինական իրադարձությունների հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: «Այսօր, ըստ էության, խոսքն այս կամ այն պետության կամ պետությունների խմբի հարաբերությունների մասին չէ, այլ քաղաքակրթական առաջընթացի կամ հետընթացի մասին է: Գնահատականներ չեմ տալիս, սակայն մեզ համար պիտի հստակ լինի` մենք ոչ միայն դերակատարություն չունենք, այլև ստանձնել ենք բացասական ինքնակործան դերակատարություն: Հայ ժողովրդի քաղաքական ապագան կործանվում է անկախ Հայաստանի «իշխանավորների», մեղմ ասած, անիրազեկության և պարզապես ծախվածության պատճառով: Այսօր Ուկրաինան դարձավ լակմուսի թուղթ: Աշխարհի մի կողմում ունենք լույս, մեկում` խավար, բարեբախտաբար վերջին շրջանում լույսը, լուսավորն իր տեղն ամրապնդեց»,- ասաց նա:
Հայրիկյանն անդրադարձավ «ռուսահարճաբար» խոսողներին, նրանց, ովքեր խոսում են Եվրոպական միության տրոհման մասին: ԱԻՄ առաջնորդի խոսքով` նրանք մոռանում են, որ կա ևս մի շերտ` ՆԱՏՕ, որի անդամ պետությունները պարտավոր են որոշակի արժեքներով առաջնորդվել, այսինքն` եթե անգամ ԵՄ-ն տրոհվի, ինչպես փորձում են «ռուսահարճները» երազել, միևնույն է` այնտեղ կա ՆԱՏՕ:
Բանախոսի համոզմամբ` Հայաստանը, որպես պետություն կայանալու համար, պիտի նախ հրաժարվի այն ամենից, ինչ նախորդել էր իր անկախության կորստին. իսկ իր անկախությունը Հայաստանը կորցրեց մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով: «Քսան տարի անց պարզվում է` դա ոչ թե անիրազեկություն էր, սխալ պատկերացում իրականության, այլ նպատակաուղղված ազգադավ քաղաքականություն, քանի որ առաջին նախագահն այսօր էլ հայտարարում է` այդ պայմանագրից հրաժարվելը սխալ էր, բայց դուք, հայեր, գիտե՞ք` դա ինչի մասին էր: Ռուսներն ու թուրքերը որոշում են` Հայաստանը պիտի լինի այսպիսին, Հայաստանի կեսը պիտի տրվի Թուրքիային: Ռուսն ու թուրքը հարազատ եղբայրներ են»,- ասաց նա:
ԱԻՄ առաջնորդը մարտի 16-ին մտադիր էր նամակ-կոչ հանձնել ՌԴ դեսպանությանը, սակայն հաշվի առնելով, որ կիրակի է, հնարավոր է` հրաժարվի այդ մտքից. ԱԻՄ-ականները դեռ քննարկումներ են ունենալու: Հայրիկյանի կարծիքով` հայ ժողովրդի մասին խոսելու իրավունք ունի հենց ինքը, քանի որ երկար տարիներ առաջնորդել է ազատագրական պայքարը, մինչդեռ իրեն ասում են` Հայրիկյանը մեծամիտ է: «Թումանյանը, որ ասեց` Ամենայն հայոց բանաստեղծն եմ, ոչ ոք չասաց` էս ինչ ես ասում, մեծամիտ ես, բայց երբ Պարույր Հայրիկյանը ասում է` ինձ 88 թվականին արտաքսել են ձեր ինքնորոշման առաջնորդ լինելու համար, աշխարհով մեկ ճանաչված է որպես հայ ժողովրդի իրական արդար իղձերի արտահայտիչ, ասում են` Հայրիկյանն ինչ մեծամիտ է: Է, դուք ասեք, Դուք չեք ասում, ես եմ ասում: Զգում եմ` կործանվում եք, ձեզ առաջնորդ սարքել եք ամեն տեսակ դավաճանների»,- ասաց նա:
ԱԻՄ առաջնորդը նշեց` վերջին տասնամյակում հայ ժողովրդի կյանքում ոչ մի դրական բան չի կատարվել առանց ԱԻՄ մասնակցության. ԱԻՄ-ով ամեն ինչ սկսվում է և վերջանում: ԱԻՄ-ը դեռ 2004-ից ասում է, որ ձգտում են Հայաստանի` եվրոպական ընտանիքի անդամ դառնալուն, ոչ թե Եվրոպայից միայն այլանդակությունները վերցնել, մինչդեռ հիմա միայն այդ այլանդակություններն են վերցնում: Նա նաև նշեց, որ ԵԺԿ համագումարում Սերժ Սարգսյանը խոսեց, նրան թույլ տվեցին` խոսի, բայց նա իրենց համար գոյություն չուներ:
Հայաստանի քաղաքացիների 60 տոկոսը, ըստ բանախոսի, կողմ է ԵՄ հետ հարաբերություններին, միայն բթացած քառասուն տոկոսն է դեմ առայժմ, իսկ իրենց պայքարը հատուկ նպատակ ունի` ցույց տալ այդ վաթսուն տոկոսին, որ իրենք կան, նրանց կողքին են, գուցե մի օր այդ վաթսուն տոկոսը հասունանա: Մաքսային միությունն, ըստ Հայրիկյանի, ռուսական շովինիզմի հավակնությունն է, սակայն Եվրոպան ևս իրեն ստոր պահեց, նա պիտի սեպտեմբերի 3-ից հետո ասեր` ինչ ես ասել, մեզ չի հետաքրքրում, ոչինչ չես ստորագրել, արի, մեզ հետ պայմանավորվածություններդ կատարիր, բայց նա միայն հայտարարությունը հիմք ընդունեց և հետ կանգնեց, այսինքն` առանձնապես «մտքին չկար»:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի










































