«Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը և օգնությունը՝ հումանիտար, զարգացման և այլն, չի սկսվել անկախությունից ի վեր, այլ սկսվել է երկրաշարժից ի վեր: Ճիշտ եք, այժմ ԱՄՆ օգնությունը նվազել է, բայց դա միայն Հայաստանին չէ, որ վերաբերում է. տարեցտարի այդ օգնությունը նվազում է բոլոր երկրներում: Բայց մենք՝ հայերս, ԱՄՆ-ում ունենք հզոր լոբբի, ակտիվ, նվիրված համայնք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանին ԱՄՆ տրամադրած օգնության նվազմանը:
«Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ Հայաստանը պետք է շատ զգույշ լինի: Եվ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ միայն Վրաստանը չէ, որ կարող է լինել ԱՄՆ դաշնակից: Հայաստանը կարող է լինել և՛ ԱՄՆ-ի դաշնակից, և՛ Ռուսաստանի: Հայաստանը պետք է շարժվի իր շահերից ելնելով: Կարծում եմ՝ ԱՄՆ վարչակազմը հիմա տեսնում է, որ դա իրականացվել է անցյալ տարվա փոփոխություններով: Օրինակ՝ նախատեսվում է Հայաստանին տրամադրել 40 մլն դոլար՝ շարունակելու համար ժողովրդավարական փոփոխությունները»,- նշեց Արփի Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում լոբբիստական կազմակերպությունների աշխատանքն ավելի է հեշտացել. «Կոնգրեսականներն ու սենատորները սիրում են այցելել Հայաստան՝ հասկանալու համար, թե ուր է գնում իրենց տրամադրած օգնությունը: Այս տարվա հոկտեմբերին էլ են նախատեսում գալ՝ իրենց աչքերով տեսնելու համար Հայաստանն ու Արցախը»:
Ինչ վերաբերում է հնչեցվող կարծիքներին, թե հայ-ամերիկյան օրակարգը բաց է մնացել, մեր զրուցակիցը նկատեց. «Միշտ տեղ կա խոսելու և քննարկելու, թե ինչ կարող ենք անել, որոնք են ամենակարևոր հարցերը, որոնք կարող ենք լուծել: Բացթողումներ եթե կան, բոլորս պետք է մեզ վրա վերցնենք»:
Մանրամասները՝ տեսանյութում










































