Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Ղրիմի Գերագույն ռադայի հերթական որոշումները: Այս մասին հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը:
Գլխավոր դատախազությունը Կիևի շրջանային վարչական դատարանից պահանջել է չեղյալ հայտարարել Ղրիմի Գերագույն ռադայի կողմից մարտի 11-ին ընդունված հակասահմանադրական որոշումները, որոնցով հաստատված են դատախազության, ՆԳՆ-ի, Հարկային ծառայության և Կենսաթոշակային հիմնադրամի մասին ժամանակավոր դրույթները, ինչպես նաև հաստատված է դրույթը Ղրիմի ժողովրդական ջոկատի մասին:
Դատախազությունը պարզաբանում է, որ այդ որոշումներով կարգավորվում է ապօրինի ստեղծված իշխանության մարմինների գործունեությունը:
Նշված որոշումներն ակնհայտորեն անօրինական են և խախտում են սահմանադրական կարգի հիմքերը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու կառուցվածքը, սպառնալիքի տակ դնում հասարակական կարգն ու անվտանգությունը, մարդկանց կյանքն ու առողջությունը՝ հայտարարել է Գլխավոր դատախազությունը:
Գերատեսչությունն ավելի վաղ արդեն բողոքարկել է Ղրիմի իշխանությունների որոշումների մի ողջ շարք:









































