ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լևոն Արոնյանը խոսել է աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Վիշվանաթան Անանդից կրած պարտության մասին:
«Թերագնահատեցի սպիտակների հնարավորությունները։ Ուժեղ քայլեր փնտրելու փոխարեն տարբեր փորձարկումներ էի անում: Եթե խնդիրս լիներ միայն մեկ մրցակիցն այս մրցաշարում, ապա կնախապատրաստվեի այդ պարտիային։ Սակայն այստեղ շատ են ուժեղ գրոսմայստերները: Պետք է նախապատրաստվել բոլոր մրցակիցների հետ խաղերին։ Այդ պատճառով կարծում եմ, որ հարկավոր է պատրաստվել ընդհանուր առմամբ, հասկանալ, թե ինչ խնդիր ունի նրանցից յուրաքանչյուրը:
Առաջին անգամ չէ, որ պարտվում եմ մեկնարկային տուրերում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի լավ եմ սկսում խաղալ մեկ անգամ պարտվելուց հետո։ Սակայն քանի որ սա լուրջ մրցաշար է, ապա հարկավոր է սկսել դա անել որքան հնարավոր է շուտ»,- Արոնյանի խոսքերը մեջբերում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցն է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը:









































