«Հրապարակ»-ը գրում է. Հրաշալի քառյակի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր իր նստավայրում կհյուրընկալի «Ժառանգության» պատվիրակությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Թեև երեկ «Ժառանգության» անդամները հստակ չէին ասում՝ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելո՞ւ է հանդիպմանը, թե՞ ոչ: Ճանաչելով «Ժառանգության» առաջնորդին, կարելի է ասել, որ մինչ հանդիպման բուն պահը ոչ ոք, անգամ ինքը հաստատ չի իմանալու դա:
Մի մարդ, ով ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի նման չհրաժարվեց Սերժ Սարգսյանի հետ մրցակցելուց և նախագահական ընտրություններում համարձակ առաջադրեց իր թեկնածությունն ու զարմանալի արդյունքներ գրանցեց, հայտնի է իր անկայուն բնավորությամբ և անելիքը պահի տակ որոշելու սովորույթով: Թերևս հենց դա էր պատճառը, որ նրա աստեղային ժամն այդքան արագ մարեց: Ուրիշ պատճառներ էլ կային, այդ թվում այն, որ քաղաքական մյուս ուժերը չաջակցեցին նրան: Հիմա, երբ կոնսոլիդացման ծրագրով հանդես է գալիս ԲՀԿ առաջնորդը, բոլորը կարծես թե համախմբվում են նրա շուրջ: Ժառանգականները խուսափում են նշել, թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվելու, բայց գոնե անհավանական թեմաների, ասենք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի քննարկման շուրջ գլուխ չեն գովում, ինչպես ՀԱԿ-ը: Ծառուկյանի հետ հանդիպումը որոշակիորեն ազդել է Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրերի վրա:
Այսօր նախատեսված էր նրա ասուլիսը, որի մասին Հովհաննիսյանը խոստացել էր դեռևս փետրվարի 19-ին, «Անի» հյուրանոցում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ, սակայն երեկ տեղեկացանք, որ այն հետաձգվել է: Պաշտոնական բացատրությունն այն է, որ ուրբաթ օրը Ազգային ժողովում բրիֆինգների օր է, և նպատակահարմար չէ այդ օրն ասուլիս անել: Սակայն ակնհայտ է, որ խնդիրը Ծառուկյանի հետ հանդիպումն է, որից առաջ Րաֆֆին չի ցանկացել խոսել: Այ, հանդիպումից հետո հաստատ ասելիք կկուտակվի, և լրագրողների հետ շփումը իմաստ կստանա:











































