«Դատախազությունը պետք է հետևողական լինի Վահագն Հարությունյանին կալանքի վերցնելու հարցում։ Բայց կարծում եմ, որ Վահագն Հարությունյանը տեղավորվում է դատախազության համակրանքների մեջ, որովհետև չեմ տեսել դատախազության կողմից բավարար ջանք ու հետևողականություն նրա կալանավորման հարցում։ Վահագն Հարությունյանը բավական շատ համակիրներ ունի դատաիրավական համակարգում, և դրա համար նա չի ձերբակալվում և չի կալանավորվում։ Իսկ դատարանները դեռ գործում են դատախազության պատվերի շրջանակներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի գործին։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք նաև, որ Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը)։ Հետագայում մեղադրանքը լրացվել էր Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով ևս՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով)։
Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ այն, որ Վահագն Հարությունյանը այսօր Հայաստանում չէ, հեռացել է Հայաստանից, դա ևս նրան ուղղված Հայաստանի իրավապահ մարմինների աջակցության արդյունքն է, որը առ այսօր էլ շարունակվում է։