ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցների լայն փաթեթ է ներդրել, որն ուղղված է երկրի նավթավերամշակող բիզնեսին, ինչն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, ներկայիս ռեժիմի զինված հենարանի, ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկն է: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հունիսի 7-ին տարածված պաշտոնական հաղորդագրությունում:
Մասնավորապես, պատժամիջոցների ցանկում նշված է Persian Gulf Petrochemical Industry Co ընկերությունը, ինչպես նաև իրանական նավթի վաճառքով զբաղվող շուրջ 40 դուստր ձեռնարկությունները և օտարերկրյա գործակալ-ընկերությունները:
Այս ընկերությունը պատասխանատու է Իրանի նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքի կեսի արտահանման համար և այս ոլորտի իրանական ձեռնարկությունների շուրջ 40%-ի սեփականատերն է:
ԱՄՆ ֆիննախում նշում են, որ Persian Gulf Petrochemical Industry Co-ի գործունեության շնորհիվ իրանական ղեկավարությունը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միլիարդավոր դոլարներ են ստացել:
ԱՄՆ վարչակազմում ընդգծել են, որ սահմանափակումները Իրանի վրա «առավելագույն ճնշման» արշավի մի մասն են, որն ուղղված է այդ երկրի մեկուսացմանը միջազգային շուկաներում:
Ավելի վաղ ԱՄՆ-ը կոչ է արել Իրանին նոր պայմանագիր կնքել: Վաշինգթոնն ակնկալում էր, որ պատժամիջոցների պատճառով Իրանը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ:
Սակայն ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ պատերազմել ԱՄՆ-ի հետ, սակայն շարունակելու է դիմակայել Վաշինգթոնին:








































