Ուրուգվայում մարիխուանայի օրինական վաճառքը կարող է սկսվել արդեն 2014-ի վերջից 2015-ի սկզբին: Այն կաճեցնեն զինված ուժերի կողմից պահպանվող տարածքներում: Այս մասին հայտարարել է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, ում խոսքերը մեջբերում է Չիլիի La Tercera պարբերականը:
Մուխիկայի խոսքով՝ դա բարդ գործընթաց է, քանի որ համարվում է շուկայի կարգավորում: Նա նշել է, որ, ըստ ամենայնի, մարիխուանայի աճեցման տարածքները կլինեն զինված ուժերին պատկանող գյուղատնտեսական հողատարածքները:
Ուրուգվայում մարիխուանայի օրինականացման մասին օրենքը նախագահը ստորագրել է անցած տարվա դեկտեմբերի վերջին: Փաստաթուղթը նախատեսում է, որ երկրի բնակիչները կարող են կանեփ աճեցնել սահմանափակ քանակով՝ ինքնուրույն կամ դրա սիրահարների ակումբներում, ինչպես նաև գնել դեղատներում՝ հատուկ քարտի ներկայացման դեպքում (ամսական մինչև 40 գրամ):









































