Լիբիայի նախկին վարչապետ Ալի Զեյդանին պաշտոնանկ արվելուց մի քանի ժամ անց արտասահմանում են հայտնաբերել: Ընդ որում, նախկինում քաղաքական գործչին արգելել են հեռանալ երկրի տարածքից, հաղորդում է Reuters գործակալությունը:
Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատը հայտարարել է, որ մարտի 11-ի երեկոյան Զեյդանի ինքնաթիռը դիզելի լիցքավորման համար վայրէջք է կատարել կղզում: Այնուհետև այն եվրոպական այլ պետություն է մեկնել՝ չպարզաբանելով, թե ուր: Մուսկատին հաջողվել է նրա հետ խոսել հեռախոսով, գրում է lenta.ru-ն: Ինչպես հաղորդել է ավստրիական Salzburg24.at պարբերականը՝ ներկա պահին նա այնտեղ է բնակվում:
Երեքշաբթի օրը Լիբիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել Զեյդանին, իսկ որոշ ժամանակ անց գլխավոր դատախազությունը նրա նկատմամբ հետաքննություն է սկսել: Նրան կասկածում են կաշառակերության և այլ խախտումների մեջ: Այդ կապակցությամբ նախկին վարչապետին արգելել են հեռանալ երկրից:








































