«Փաստինֆո»-ն տեղեկություն է տարածել, որ Ռուսաստանը ԴԱՀԿ նախկին պետ, Հայաստանում պաշտոնի չարաշահման գործով քրեական հետապնդման ենթարկված, միջազգային հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանին տվել է ժամանակավոր կացության կարգավիճակ: Դա նշանակում է, որ Պողոսյանը մի քանի ամիս կմնա Ռուսաստանում: Նրա քաղապաստան ստանալու դիմումը դեռևս չի բավարարվել, սակայն, փաստորեն, չի էլ մերժվել և այն հանգամանքը, որ նրան տրվում է ժամանակավոր կացության կարգավիճակ, շատ բան է խոսում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի մասին։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ Միհրան Պողոսյանի գործառույթը Հայաստանին վերահսկելն է եղել, դատական գույքը հափշտակողների ու հափշտակվողների հարաբերությունները կարգավորողն է եղել՝ նշանակված Եվրասիական միության կողմից։ «Այսինքն՝ նա ոչ թե այնտեղ ապաստան է ստացել, այլ վերադարձել իր գործատուի մոտ, գործատուն նրան հետ է կանչել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Արշակյանն ընդգծեց՝ երբեմն գործատուն, որպես պատիժ, իր դրածողին հանձնում է տեղաբնիկներին հոշոտման. «Օրինակ՝ այդպես արել են Աֆղանստանում, Վիետնամում, Իրաքում, Լիբիայում, դեռևս Հայաստանում իրենց դրածոներին հետ են կանչում ու ինչ-որ կարգավիճակ տալիս։ Մենք այս հարցի շուրջ պետք է այդ մոտեցումն ունենանք»։
Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշեց՝ Հայաստանի իշխանությունները Եվրասիական միության մեջ անհասկանալի էջ են բացել. «Դա օտար ու մերժելի էջ է իրենց համար՝ այնտեղ ժողովրդավարություն ու իշխանափոխություն չի լինում, նրանք չեն հասկանում՝ ոնց պահեն մեր իշխանությունների հետ։ Դա դեռևս կարգավորված չէ, ուժները չի պատում, որ տանկեր ուղարկեն, ջարդեն, ճխլեն, այդքան ռեսուրս չունեն։ Ժողովրդավարական երկրի հետ մարդավարի հարաբերվելու գործիքակազմ չունեն, ի՞նչ անեն՝ չգիտեն։ Ավելի կարևոր ուժ՝ Արևմուտք կոչվածը իր պատժամիջոցներով ծնկի է բերել, ԵԱՏՄ-ն ծնկաչոք վիճակում չի կարողանում անել այն, ինչ սովորաբար անում է՝ ռեպրեսիաները, ջարդելը, փշրելը, թալանելը։ Մենք հիմա այդ վիճակում ենք՝ տեսնենք, թե մեր իշխանությունները հետագայում ինչ կանեն՝ կմիանա՞ն նրանց, թե՞ ընդհակառակը՝ նրանք օրինակ կվերցնեն մեզնից։ Կամ մենք նրանցից օրինակ կվերցնենք ու կդառնանք եվրոպացի։ Կա՛մ նրանք կքաղաքակրթվեն, կա՛մ մենք կվայրենանանք»։
![]()
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ սա պաշտոնական Մոսկվայի ևս մեկ մեսիջն է ՀՀ իշխանություններին և, մասնավորապես, վարչապետ Փաշինյանին, որ Մոսկվայում դժգոհ են ՀՀ իշխանությունների «ռուսաստանյան» քաղաքականությունից։ «Միհրան Պողոսյանին ժամանակավոր ապաստան տալը դրա ևս մեկ ապացույցն է։ Սա ոչ առաջինը կլինի, ոչ էլ վերջինը։ Գիտեք՝ առաջինը Միքայել Հարությունյանի հարցն էր, նրան ընդհանրապես հրաժարվեցին հանձնել՝ ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքով, իսկ Միհրան Պողոսյանին էլ ժամանակավոր ապաստան են տալիս։
Դա դիվանագիտական լեզվով հաղորդագրություն է Երևանին, որ Մոսկվայում դժգոհ են հայ-ռուսական հարաբերություններից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Համբարյանը սա չի կապում Ապրիլյան պատերազմի փաստերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման հետ, և այն դիտարկումներին, թե Մոսկվային դա այնքան էլ դուր չի գալիս՝ իր հնարավոր կապը բացահայտելու կոնտեքստում. «Հարցն ավելի գլոբալ է, ես այդ հանձնաժողովի ստեղծումը կհամարեմ ոչ թե արտաքին քաղաքականությանն առնչվող հարց, այլ ավելի շատ՝ ներքին։ Եվ հետո՝ ՌԴ վարչապետ Մեդվեդևը, ով Ապրիլյան պատերազմից հետո եկավ Երևան, «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ արբանյակային հետախուզության արդյունքում ադրբեջանական զինուժի կուտակման մասին տեղեկություններ են ունեցել, այսինքն՝ իրենք նախօրոք իմացել են։ Հիշո՞ւմ եք՝ այն ժամանակ բուռն քննարկումներ եղան, թե ինչու լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակից, Մոսկվան տեղյակ չէր պահել խոշոր կուտակումների մասին։ Բայց, ընդհանուր առմամբ, ես մտածում եմ, որ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ հանձնաժողովի ստեղծումը ոչ թե արտաքին քաղաքական դրդապատճառներ ունի, այլ ներքին։ Կպարզեն մեր բանակում տեղի ունեցած արատավոր երևույթները, կպարզեն, թե ինչու շատ զինատեսակներ տեղում մնացին, որովհետև դիզվառելիք չեն ունեցել, կամ մեր հետախուզությունը ինչու էր այդպիսի վատ վիճակում»։
Ըստ քաղաքագետի՝ Միհրան Պողոսյանի խնդիրը գլոբալ է. «Մոսկվան բազմիցս է դիվանագիտական լեզվով իր դժգոհությունը հայտնել հայ-ռուսական հարաբերություններից, բայց ես, որքան որ տեսնում եմ, մեր իշխանությունները կամ այդ լեզուն չեն հասկանում, կամ արհամարհում այդ մեսիջները, բայց դրանով խնդիրները չեն լավանում, հակառակը՝ հարաբերությունները վատնում են, և դա ցավոտ է լինելու հենց հայկական կողմի համար»։











































