ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կկարողանան արդար ու բովանդակալից երկկողմ առևտրական համաձայնագիր կնքել այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը դուրս կգա Եվրամիությունից: Դրանում հունիսի 4-ին երկու կողմից խոշոր ընկերությունների մասնակցությամբ կլոր սեղանի ժամանակ վստահություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը Մեծ Բրիտանիաում է գտնվում եռօրյա պետական այցով:
«Ես կարծում եմ, որ մենք շատ ու շատ բովանդակալից առևտրային համաձայնագիր կկնքենք, որը նաև շատ արդար կլինի, ինչը, ինչպես ինձ թվում է, ցանկանում են երկու երկրները,- հայտարարել է Թրամփը, որի ներածական խոսքը հեռարձակել է Sky News հեռուստաալիքը:- Մենք այն կկնքենք»:
Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահը նշել է, թե չի կարող երկրների միջև նոր առևտրական պայմանավորվածությունների կնքման կոնկրետ ժամկետներ նշել: Սպիտակ տանն ավելի վաղ նույնպես ընդգծել են, որ չպետք է բեկում սպասել համաձայնագրի կնքման և դրա ստորագրման ամսաթվի հայտարարման հարցում:
«Դուք մեր խոշորագույն գործընկերներն եք, և ես կարծում եմ, որ այժմ գոյություն ունի այդ գործընկերությունն ամրապնդելու հիանալի հնարավորություն»,- հավելել Է Թրամփը՝ դիմելով հանդիպմանը ներկա բրիտանացի ձեռնարկատերերին և երկրի վարչապետ Թերեզա Մեյին:
Բրիտանական կառավարության ղեկավարն իր կողմից նշել է, որ համաձայնագիրը թույլ կտա «ազատ, արդար և բաց» պահել երկու երկրների շուկաները: «Այս երկխոսության շնորհիվ, որն ունենք այսօր, մենք կարող ենք երաշխավորել, որ մեր տնտեսական գործընկերությունը ոչ միայն կշարունակվի, այլև կշարունակի ամրապնդվել առաջիկա տարիներին՝ ավելի մրցունակ դարձնելով մեր առևտրային կազմակերպությունները»,- ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներածական խոսքում, որից նախօրյակին քաղվածքներ է տարածել Մեյի դիվանատունը Դաունինգ-սթրիթ, 10-ում:
Հանդիպմանը մասնակցել են հինգ բրիտանական և հինգ ամերիկյան ընկերությունների՝ BAE Systems-ի, GSK-ի, National Grid-ի, Reckitt Benckiser-ի, Barclays-ի, Lockheed Martin-ի, JP Morgan Chase-ի, Goldman Sachs International-ի, Bechtel-ի, Splunk-ի ղեկավարները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:








































