Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ոչնչացրել է անօրինական շրջանառությունից առգրավված թմրանյութերը, որոնց արժեքը «սև շուկայում» 55 մլն լարի (շուրջ 19.8 մլն դոլար) է կազմում, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն՝ հղում անելով նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությանը:
Ընդհանուր առմամբ առգրավվել է 178.7 կգ հերոին, «Սուբուտեքսի» շուրջ 2.1 հազար հաբեր, «Կոդեինի» 590 հաբեր, «Թրամադոլի» 170 հաբեր և այլ թմրամիջոցներ ու հոգեմետ նյութեր:
Արգելված նյութերը ոչնչացրել են ֆիլտրման համակարգեր ունեցող վառարաններում բարձր ջերմաստիճանի ներքո՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության բոլոր նորմերը:
Գործողությանը ներքին գործերի նախարարության աշխատակիցների հետ միասին հետևել են նաև գլխավոր դատախազության և առողջապահության նախարարության ներկայացուցիչները:










































