«Վիրահայերի միասնություն» հ/կ-ի համանախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը մեծ հարգանք ունի և՛ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ, սակայն նրանց միջև համեմատությունը տեղին չի համարում:
Վարդապետյանը նման տեսակետ հայտնեց այսօր Ազգային ժողովում՝ ի պատասխան «Առաջին լրատվական»-ի այն հարցի, թե ի՞նչ նմանություն է տեսնում Իվանիշվիլու և Ծառուկյանի միջև:
«Որ ասում են՝ ինչո՞վ է պակաս Գագիկ Ծառուկյանը Բիձինա Իվանիշվիլուց, գուցե ավե՞լի է։ Համենայնդեպս, այդ համեմատության առանցքը չեմ տեսնում, գուցե ավելի լայն հնարավորություն ունի, գուցե Ծառուկյանը Իվանիշվիլուց ավելի լուրջ հաջողություններ ունենա ապագայի կտրվածքով»,- ասաց Վարդապետյանը:
Դիտարկմանը, թե Իվանիշվիլուն, օրինակ, վրացիները «մեսիա» էին համարում, հնարավո՞ր է՝ Ծառուկյանն էլ հայերի փրկիչը լինի, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Ես փրկիչ համարում եմ միայն Աստծուն, Երկիր մոլորակի վրա քայլող փրկիչներ չեմ ֆիքսել: Ունեմ շատ հարգարժան մարդիկ, սրբություններ, բայց այս դեպքում ձեռնպահ եմ մնում այդ «փրկիչ» ածականից, որը մի տեսակ իրական չէ»,- նկատեց նա:
Հետաքրքվեցինք նաև, թե իր գնահատմամբ՝ Ծառուկյանին կհաջողվի՞ անել այն, ինչ Իվանիշվիլին արեց Վրաստանում․ «Ես այն հաստատուն կարծիքին եմ, որ մեր երկրում հեղափոխական իրավիճակ չկա, դրա անհրաժեշտությունն ու կարիքը բոլորովին չկա»,- եզրաափակեց Տաճատ Վարդապետյանը:
Մանրամասները՝ մեր տեսանյութում









































