Համաշխարհային բանկը կարող է 2014-ին մինչև 3 մլրդ դոլար տրամադրել Ուկրաինային՝ որպես օգնություն: Այս մասին ասվում է երկուշաբթի Համաշխարհային բանկի տարածած հայտարարության մեջ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրանում, մասնավորապես, ասվում է, որ բանկը պատրաստ է շարունակել աջակցություն ցուցաբերել ուկրաինացի ժողովրդին և երկրի կառավարությանը՝ կառուցվածքային բարեփոխումների համալիր ծրագրի մշակման և իրականացման համար, ինչը կարող է լուծել տնտեսական անկայունության հարցերը, ամրապնդել բանկային ու էներգետիկ ոլորտները, ինչպես նաև նպաստել կոռուպցիայի դեմ պայքարին:
«Մենք պատրաստ ենք աջակցել ուկրաինացի ժողովրդին նրա համար այս դժվարին ժամանակներում, և երկրում իրավիճակի շուտափույթ կայունացման հույս ունենք»,- հայտնել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը: Նա նաև հաստատել է, որ շարունակվում է Ուկրաինայի օգնության ծրագրի մշակումը:
Ներկայում Համաշխարհային բանկն Ուկրաինայի տարածքում իրականացնում է ընդհանուր 3.7 մլրդ դոլարի մի շարք ծրագրեր, որոնք, սակայն, ուղղված են բնակարանային-կոմունալ ոլորում պետական ծառայությունների ապահովման հետ կապված խնդիրների լուծմանն ու տրանսպորտային ցանցի զարգացմանը:









































