«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը:
– Երեկ տեղի ունեցած ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողովից հետո դատավորները հանդես եկան հայտարարությամբ: Իչքանո՞վ էր այդ հայտարարությունը Ձեզ համար անսպասելի:
– Հայտարարության վերջին մասին անդրադառնամ, այնտեղ որոշակի վերացական գնահատականներ էին հնչում ԲԴԽ-ի վերաբերյալ: Կարծում եմ՝ դատավորներն ավելի կոնկրետ խնդիրներ պետք է բարձրացնեն, որպեսզի հասկանալի լինի, թե ինչից են նրանք բողոքում:
– Այդ տեքստից բառացի մեջբերում եմ. «ԲԴԽ-ի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը… Այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»: Սա այս օրերի իրավիճակին առնչվո՞ղ, թե՞ ձեր հարաբերություններում բացահայտված կնճիռ է:
– Կարծում եմ՝ երկուսն էլ կա: Նախ, որպես իրավաբան, անդրադառնամ որոշակի եզրույթների և փաստերի, որ կան այդ տեքստում: «Դատավորների հավաքական միտք». այսպիսի միտք կա հայտարարության մեջ, եթե չեմ սխալվում ունենք շուրջ 234 դատավոր, ժողովին մասնակցում էր 165 դատավոր, այս հայտարարությունն ընդունվել է 65 դատավորի կողմից: Որքանո՞վ են 65 դատավորներն արտահայտում բոլոր դատավորների հավաքական կամքը: Եթե փորձենք ընկնել ենթադրությունների դաշտ և մտածենք, որ դատավորները վիրավորված են ԲԴԽ-ի դիրքորոշումից՝ կապված վարչապետի հայտարարության և քաղաքացիների կողմից իրականացրած գործողությունների հետ, կասեմ հետևյալը՝ ես դեմ էի ԲԴԽ հայտարարությանը, որտեղ նշվեց, որ անընդունելի է դատարանների բնականոն գործունեության խաթարումը և նաև նշվեց, որ ԲԴԽ-ն հանդես կգա նաև այլ հայտարարությամբ: Վարչապետի կոչից հետո ԲԴԽ-ում տեղի ունեցավ քննարկում, որի արդյունքում ԲԴԽ-ն եկավ այն եզրակացության, որ վարչապետը տվեց բոլոր հարցերի պատասխանները, և ԲԴԽ-ն դրա հետ կապված խնդիր չունի ու լրացուցիչ հայտարարությամբ հանդես գալու կարիք չկա:
– Դատավորների հայտարարությունը կարելի՞ է որակել որպես անվստահություն ԲԴԽ-ին:
– Ո՛չ, կարծում եմ սա ինչ-որ մի բան ասելու ցանկություն է: Երբևէ արդարադատության խորհրդի գործունեության ժամանակ այսպիսի ելույթներ չեն ունեցել, դատավորների ընդհանուր ժողովը հլու-հնազանդ ենթարկվել է ԲԴԽ որոշումներին… Այսպիսի ժողովրդավարական արտահայտություններ չկային, կար բուրգ, միայն կանխատեսելի քայլեր էին, կանխատեսելի կարգապահության վարույթներ… ԲԴԽ-ն այդ բուրգն ապամոնտաժեց վերջին մեկ տարվա ընթացքում, և այն, որ դատավորներն իրենց մեջ համարձակություն են գտնում այսպիսի հայտարարություններով հանդես գալու, անկախ բովանդակությունից, ես համարում եմ ուրախալի երևույթ: Անկախության ծիլեր եմ տեսնում և ինքնուրույն մտածելու, իրենց գործողությունների համար պատասխանատվություն վերցնելու համարձակություն, սա շատ կարևոր է:
– Հարգելի՛ Հայկ, կարո՞ղ ենք ենթադրել, թե ինչու հրաժարական տվեց Գագիկ Հարությունյանը:
– Ո՛չ: Նա իր հրաժարականի մոտիվացիան շարադրել է այն հայտարարության մեջ, որը հրապարակել է, պարոն Հարությունյանը ո՛չ ինձ հաշվետու է, ո՛չ էլ տեղեկացրել է, թե ինչու է հրաժարական տվել: Ես չեմ ցանկանում այդ մասին ենթադրություններ անել:
– Իսկ Մարտի 1-ի գործից անջատված մասը ինչպե՞ս կարող էր հայտնվել ՍԴ-ում, Ձեզ հարցնում եմ որպես մասնագետի:
– Մինչև մասնագետ իրավաբան լինելը, ես ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ եմ՝ ԲԴԽ անդամ եմ, և օրենքով սահմանափակված է որոշ հարցերի պատասխանելու իմ իրավասությունը, կներեք, այս հարցին նույնպես չեմ կարող պատասխանել:
– Շատերը ենթադրում են, որ գործը գնում է փակուղի, եթե ուղարկվել է ՍԴ, թե՞ շուտ է նման եզրահանգում անելը:
– Ոչինչ չեմ կարող ասել:
– Ի՞նչ է հուշում վեթինգով անցած երկրների փորձը մեզ:
– Վերջերս Նիդերլանդներում էի, որպեսզի ուսումնասիրեմ արդարադատության կառավարման նրանց փորձը, այդ շրջանակում մանրակրկիտ կերպով շփվել եմ ուկրաինացի և ալբանացի գործընկերների հետ, հենց հիմա Ալբանիայում վեթինգ է իրականացվում հոլանդական մեթոդոլոգիայով, Ուկրաինայում վեթինգի այլ տարատեսակ է իրականացվում: Նրանք ասում էին, որ դժբախտ են բոլոր դատավորները՝ և՛ նրանք, ովքեր անցել են վեթինգով, և՛ նրանք, ովքեր չէին անցել… Նաև ասում էին, որ այն դատավորները, որոնք խորամանկ էին և ունեին քաղաքական կապեր վեթինգ իրականացնող հանձնաժողովում, կարողացել են վեթինգի ցանցն անցնել, իսկ իրենց գործին նվիրված համեստ դատավորները չեն կարողանում անցնել: Սա համամարդկային խնդիր է… Իսկ եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները հիմնավոր բացատրություն չկարողացան տալ, ուղղակի ասում էին, որ սա լավ մեխանիզմ է: Ես հասկացա մի բան. ամեն ինչ կախված է նրանից, թե ովքեր և ինչպես են իրականացնում վեթինգը, այնուամենայնիվ, ուկրաինացի և ալբանացի գործընկերները դժգոհ էին այդ գործիքի կիրառումից:
Վեթինգը, որպես երևույթ, Հայաստանում առաջին անգամ չի իրականացվելու, առաջին վեթինգը տեղի է ունեցել 95-96-ին, որը դե ֆակտո վեթինգ էր, բայց անունը վեթինգ չէր… Դրա էլեմենտները տեսանք 98-ին, 2005-ին, 2008-ին… Կարծում եմ՝ մենք պետք է նախ երիտասարդ կադրերին, որոնք պետք է համալրեն դատավորական կորպուսը, բարձր աշխատավարձ տանք: Մեր կադրերի բազան շատ թույլ է, այսօր 11 թե 19 թափուր տեղ ունենք, չենք կարողանում համալրել: Եթե նոր կադրերին բարձր աշխատավարձ տանք և լավ սոցփաթեթ, նաև ներարկենք, որ կաշառակերությունը կգամի անարգանքի սյունին, այսինքն՝ արժեհամակարգը փոխենք, որ այժմ առուփախ չէ, այսինքն՝ կաշառք վերցնելով կարճաժամկետ հարցը լուծում ես, բայց երկիրդ ավերում ես, այսպիսի քաղաքացիներ դաստիարակենք մանկապարտեզից սկսած, ապա այդ ժամանակ կունենանք իրական փոփոխություն, և վեթինգը կունենա ազդեցություն: Հակառակ դեպքում այսօր շատ ոգևորված անձինք եմ տեսնում փաստաբանական կորպուսում, որոնց մեծ մասին ճանաչում եմ հինգ մատիս պես, նաև դատավորների մեջ այնպիսի մարդիկ են հիմա կուրծք ծեծելով խոսում վեթինգի մասին, որոնք ավելի լավ է լռեն և հանգիստ նստեն իրենց տեղը: Շատերի աչքերը հիմա վառվում են, իրենց համար հնարավորությունների պատուհան է բացվել, մտածում են՝ թլըփ, շատ հեշտ կդառնան դատավոր: Ես սարսափում եմ, եթե այդ մարդիկ դառնան դատավոր, այդ ժամանակ ես հրաժարական կտամ, որովհետև ես չեմ կարող երաշխավորել այնպիսի մարդկանց անկախությունը, որոնց ուշք ու միտքը այստեղից-այնտեղից փող փախցնելն է:
– Մենք պատրա՞ստ ենք համակարգային լյուստրացիայի, որի մասնակի օրինակներից մեկն էլ վեթինգն է:
– …Պետք է նուրբ անել. վիրաբուժություն եզրույթը ես փոխարինում եմ միկրովիրաբուժությամբ…
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































