Հունիսի 26-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը հայկական համայնքի կենտրոնում կազմակերպել էր Հայաստանի ու Արցախի անկախության 20-ամյակին նվիրված դրամահավաք-ճաշկերույթ: Միջոցառման պատվավոր հյուր-բանախոսն էր հայազգի հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը:
Ավելի քան 400 բարերար էր մասնակցում դրամահավաք-ճաշկերույթին: Հանգանակությունները կուղղվեն Շուշիի մշակույթի տան վերանորոգմանը:
Բացման խոսքով հանդես եկավ Թեննի Նիկողոսյանը, ով իր խոսքում նշեց.«Մենք բոլորս գնահատում ենք մշակույթի դերը համայնքի կայացման գործում: Մշակույթի շնորհիվ մենք կայացանք այստեղ, մշակույթն է, որ կանգուն կպահի մեր ազգը Շուշիում»:
Կանադայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արման Հակոբյանը, ով պաշտոնական այցով էր Տորոնտոյում, շնորհավորեց ներկաներին անկախության հոբելյանի առիթով և նշեց, որ Հայաստանի ու Արցախի անկախ տարիների ընթացքում մեծ է եղել «Հայաստան» հիմնադրամի դերը հայրենաշինության գործում:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին 2010թ. ընթացքում Հիմնադրամի շինարարական ծրագրերը ներկայացնող ֆիլմը, որից հետո սրահ բերվեց Հայաստանի ու Արցախի 20-ամյակին նվիրված տոնական տորթը` զարդարված 20 մոմերով:
Երաժշտական կատարումներից հետո Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը շնորհակալություն հայտնեց Հիմնադրամի բոլոր բարերարներին ու աջակիցներին, ովքեր աջակցություն են ցուցաբերում տեղական մարմնին ամբողջ տարվա ընթացքում: Նա պատմեց նաև վերջերս Հայաստան ու Արցախ կատարած իր այցելությունների մասին և նշեց, որ այցելել է և՛ ընթացիկ ծրագրեր և՛ Տորոնտոյի համայնքի նվիրատվություններով կառուցված դպրոցը: Շուշիի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները 60 տոկոսով կատարվել են, և արդեն 2012 թ. գարնանը մշակույթի օջախը նորովի իր դռները կբացի այցելուների առջև: Պարոն Մկրտիչյանը նշեց նաև, որ թե’ Հայաստանում, թե’ Արցախում աճում է ծնունդների թիվը, ուստի անհրաժեշտ է նոր սերնդի համար հայրենիքում կրթական հաստատություններ կառուցել: «Մենք մեր ջանքերով օգնում ենք Արցախի մեր քույրերին ու եղբայրներին զգալ, որ իրենք միայնակ չեն»:
Մկրտիչ Մկրտիչյանը ներկայացնելով միջոցառման խոսնակին` Ատոմ Էգոյանին, խոսեց նրա նվաճումների մասին ու նշեց, որ նա ոչ միայն հանճարեղ ռեժիսոր է, այլև իսկական ինտելեկտուալ: Իր խոսքում ռեժիսորը խոսեց ղարաբաղյան շարժման, անկախության ձեռքբերման ու այդ տարիներին երկրում ստեղծված դժվարությունների մասին: «Բոլորս ականատես ենք եղել պատմության ընթացքին և պետք է ամեն ինչ անենք պահպանելու հայրենիքի անկախությունը, որի մասին երազում էին մեր նախնիները»: Պարոն Էգոյանն իր խոսքը եզրափակեց՝ կոչ անելով ներկաներին նվիրատվություններ կատարել «Հայաստան» հիմնադրամին, որն այս տարիների ընթացքում մեծապես աջակցել է հայրենիքի շենացմանը:
Ատոմ Էգոյանի ոգևորիչ ելույթին և բուռն ծափողջույններին հաջորդեցին նվերները. Ատոմ Էգոյանին հանձնվեցին 1994 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված արծաթե հուշադրամը, Հայաստանում արտադրված «Դեսպան» ժամացույցը, որը խորհրդանշում է, որ ռեժիսորը ամենուր հանդես է գալիս նաև հայ մշակույթի դեսպան: Ընդառաջելով ներկաների խնդրանքին՝ Ատոմ Էգոյանն իր փողկապը փոխարինեց եռագույն վզկապով:
Հանգանակությունների մեկնարկից առաջ խոսքով հանդես եկավ Տորոնտոյի տեղական մարմնի փոխատենապետ Հուռի Նաջարյանը: Նա ներկայացրեց մշակույթի տան վերանորոգման կարևորությունը: Երեկույթի ավարտին հավաքվեց 130,000 ԱՄՆ դոլար, որը կուղղվի Շուշիի մշակույթի տան վերանորոգմանը: ևս 300,000 ԱՄՆ դոլար նվիրաբերեց անհատ մի բարերար, ով չցանկացավ հայտարարել իր անունը: Նրա ցանկությամբ նվիրատվությունը կուղղվի Երևանում հիվանդանոցի և ծերանոցի նորոգման ծրագրերին:










































