Ադրբեջանական News.az կայքին տված հարցազրույցում Մոսկվայի պետական համալսարանի Տեղեկատվական և վերլուծական կենտրոնի գլխավոր փոխտնօրեն Ալեքսանդր Կարավաևն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Կազանում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման տապալումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն իսկապես հայտնվեց հիմար վիճակում։ Դա տվյալ ձևաչափով 9-րդ հանդիպումն էր։ Հետխորհրդային և ոչ մի հակամարտություն դեռևս չի արժանացել Մեդվեդևի ուշադրությանը, ինչպես որ ղարաբաղյան հակամարտության պարագայում է։
Դրա համար էլ ակնհայտ է, որ Ռուսաստանն այժմ սկսելու է փնտրել կողմերի վրա ճնշում գործադրելու եղանակներ։ Սակայն, իմ կարծիքով, խնդիրը չի կայանում միայն Բաքվի ու Երևանի անզիջումության մեջ։ Մոսկվան նախկինի նման չի կարողանում կազմակերպել համաձայնագրի նախապատրաստման համար անհրաժեշտ կոշտ ռեժիմ և վերահսկել նախնական փուլերի իրագործումը։
Հնարավոր է, որ 30 կամ 40 տարի անց հայ և ադրբեջանական հասարակությունները բավական հասունանան, սակայն դրա համար Հարավային Կովկասում անհրաժեշտ է առաջադիմական հասարակական զարգացում»։









































