Ճապոնական Toyota ավտոկոնցեռնը 48 մլն դոլար է ներդնում Եմենի տարածքում իրականացվելիք նախագծում:
Եմենի իշխանությունների և ավտոկոնցեռնի միջև ստորագրված պայմանագիրը նախատեսում է 100 հազար քառակուսի մետր մակերեսով հողատարածքի վարձակալություն հարավային նավահանգստային Ադեն քաղաքի ազատ տնտեսական գոտում: Այս մասին հայտնում է տեղի Saba գործակալությունը:
Այդ տարածքում ճապոնական ընկերությունը կկառուցի մեքենաների ու պահեստամասերի պահման մի քանի անգարներ, ինչպես նաև վերանորոգման խոշոր արհեստանոցներ:
Նշված գումարը կիրացվի նախագծի գոյության հենց առաջին տարում: Նախագիծը կմեկնարկի ապրիլի սկզբին:
Ազատ տնտեսական գոտու կառավարիչ Աբդելջալիլ Ալ-Շաաբիի խոսքով՝ Toyota-ի նախագիծը խոշորագույններից մեկն է ադենյան տարածաշրջանում, որը կնպաստի տեղական բյուջեում հարկային մուտքերի ավելացմանը, նավահանգստի ենթակառուցվածքի զարգացմանն ու զգալիորեն կմեծացնի տեղի բնակիչների համար նոր աշխատատեղերի թիվը:











































