Նախօրեին լարված իրավիճակ էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, այնուամենայնիվ, այսօր կայացան ռեկտորի ընտրություններ: 14 կողմ և 9 դեմ ձայների հարաբերակցությամբ բուհի ռեկտորի պաշտոնում ընտրվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը: Ստեղծված իրավիճակի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լիլիթ Արզումանյանը նշեց, որ իր համար անակնկալ է եղել ուսանողների բողոքի ակցիան. «Այն, որ ուսանողությունը կանի այն, ինչ արեց երեկ, ինձ համար անսպասելի էր և ցավալի: Թե ով էր ուսանողների հետ աշխատանք տարել, չեմ ուզում անունները տալ, բայց կար մարդ, որը կանգնեց բեմում և ասաց՝ ես եմ լինելու ռեկտոր… Աթոռակռիվ էր:
Անցանակալի է աշխատել այնտեղ, որտեղ քեզ չեն սիրում: Բայց ես չեմ հավատում, որ ինձ չեն սիրում, այսօր առավոտյան արդեն ուսանողները գալիս, ներողություն էին խնդրում և ասում՝ մենք Ձեզ դեմ չենք:
Իրավիճակը մեղմեց այն, որ ԿԳ նախարարը հանդիպեց ուսանողների հետ, բացի դրանից՝ հարցադրումը հիմքից տրամաբանության սահմաններում չէ»,- նշեց Լ.Արզումանյանը:
«Արվեստը սիրում է մաքուր միջավայր՝ վերանորգված, ես ապահովելու եմ դա, նաև ապահովելու եմ նաև կարգ ու կանոն, պարտաճանաչություն, ազատությունը չպետք է շփոթել ամենաթողության ու անտարբերության հետ»,- նշեց նորընտիր ռեկտորը:
Մանրամասն՝ տեսանյութում: