Հայաստանի ներկա վիճակում կոնսոլիդացիան շատ ճիշտ է, բայց կապ ունի` ինչ ձևաչափով, դա էլ է շատ կարևոր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը` մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը` կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին:
Նրա խոսքով` հանրությունը ժամանակ չի ունեցել ինքնակազմակերպվելու ու քաղաքական ուժերին օրակարգ թելադրելու: «Եթե մենք կարողանանք ինքնակազմակերպվել ու ինչ-որ ձևով, ասենք, ընդդիմություն հայտարարած ուժերին օրակարգ թելադրենք, որովհետև իշխանություններին չենք կարողանում էս պահին թելադրել, ու նաև պատասխանատվության ինստիտուտ լինի, այսինքն` եթե ընդդիմությունն իր վրա պատասխանատվություն վերցնի էդ օրակարգի համար, գա, միավորվի, իհարկե, մեծ սիրով համաձայն եմ բոլոր տեսակի կոնսոլիդացիաների: Ես գտնում եմ, որ այս պահի դրությամբ լիդերի խնդիր չկա, այստեղ ավելի շուտ ձևաչափի խնդիր կա: Ես դեռ չգիտեմ` կոնկրետ Գագիկ Ծառուկյա՞նն է էս ամենի հետևում կանգնած, թե՞ էլի մարդիկ կան, այսինքն` պարզ, հստակ կերպով չի երևում էն խորքայինը, որտեղից որ էդ ամեն ինչը գալիս է»,- ասաց նա:
Կաղինյանի խոսքով` ԲՀԿ-ն իրեն մշտապես հայտարարում է «այլընտրանք», սակայն ինքը շատ կցանկանար հավատալ, որ այդ ուժն իրոք այլընտրանք է ու կարող է ինչ-որ ձևով կյանքը փոխել, բայց մի տեսակ վստահության խնդիր կա էս պահին, թեկուզ հենց ԲՀԿ-ի ու ընդհանրապես բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ` դա լինի ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, «Ժառանգությունը»: Կաղինյանի խոսքով` այդ քաղաքական ուժերը պետք է նորից վերաշահեն հանրության վստահությունը, այդ խնդիրն է հիմա նրանց առաջ դրված, իսկ լիդերը կարևոր չէ` ով կլինի, հանրությունը պիտի իր մեջ այնքան ուժ գտնի, որ կարողանա օրակարգ ձևավորել, հասկանա` ինչ է ուզում, եթե ընդդիմադիր ուժերը գան իշխանության` ինչ պիտի անեն, սահմանադրական փոփոխություննե՞ր, դատական համակարգում փոփոխություննե՞ր պիտի լինեն:
«Կետ առ կետ պիտի հստակ նշված լինի` ինչի շուրջ ենք հավաքվում, եթե պիտի ուղղակի գան իշխանության, ու նորից շարունակվի էս անարդարությունը, ճահճային վիճակը, իհարկե, թող սրանք մնան, ու այստեղ ամենակարևորն այն է, որ քաղաքական ուժերն իրենց վրա վերցնեն պատասխանատվություն ու այն կարողանան մինչև վերջ տանել, այսինքն` չխաբեն ժողովրդին, որովհետև էնքան ենք խաբվել, որ էլ տեղ չկա: Քաղաքականությունն այնպիսի երևույթ է, որ շահերի համընկնելու դեպքում, մարդիկ գալիս են կոնսոլիդացիայի, հիմա գուցե այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն իրար հետ եկել են կոնսոլիդացիայի, բայց ճիշտն ասած` ես հասկանում եմ, գիտակցում եմ` առանց քաղաքական ուժերի, կուսակցությունների հնարավոր չի քաղաքականություն կերտել, ունենալ պետություն, ես դա գիտակցում եմ, ուղղակի այսօրվա մեր կուսակցությունները, քաղաքական ուժերը էնքան շատ սխալներ են արել, որ էս պահի դրությամբ իրենք ամենաառաջինը վստահության կորստի խնդիր ունեն»,- ասաց նա:
Կաղինյանը նշեց, որ մասնակցել է մարտի 1-ի հանրահավաքին, բայց չէր գնացել, որ լսեր Լևոն Տեր-Պետրոսյանի կամ լիդերների ելույթը, քանի որ նրանք որևէ նոր բան չեն ասել, ասել են այն, ինչ շատ երկար ժամանակ գիտենք, ու դրանք չարչրկվող հարցեր են: Ինքը` ակտիվիստը, գնացել է հանրահավաք, որովհետև նախ` Մարտի 1-ին զոհված քաղաքացիների հիշատակն է հարգում: Նա կարծում է` պատասխանատվության ինստիտուտն այդպես էլ չգործեց, այսինքն` պարզ չէր` ով սպանեց այդ քաղաքացիներին, որ գոնե պատասխանատվության կարողանային կանչել:
«Ես գնացել էի նաև, որ ինչ-որ տեղ իշխանություններն իմանան` Հայաստանում դեռ կենդանի մարդիկ կան, ու այնտեղ շատերն ինձ նման էին մտածում: Հանրահավաքից հիասթափված չեմ, գիտեի, որ այդպես էլ լինելու է, նախօրոք հատուկ սպասելիքներ չունեի, որ հիմա էլ մտածեմ` ինչ-որ բան չստացվեց, գիտեի, էս պահին ոչ մի քաղաքական ուժ էլ չի ուզում իր վրա վերցնի պատասխանատվությունը ոչ մի ձևով` ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, այ, երբ ցանկություն կլինի վերցնել պատասխանատվություն, այն ժամանակ ամեն ինչ կփոխվի, բայց թելադրողն, ի վերջո, պիտի հանրությունը լինի»,- ասաց նա:
Հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը կարծում է, որ կոնսոլիդացիան ընդհանրապես լինում է գաղափարների շուրջ, ոչ թե անձանց: Ակտիվիստը նշեց, որ երբեք չի եղել առաջարկվող մշակույթի կրող: «Ես ելնում եմ նրանից, որ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, և համարում եմ, որ եթե հնարավոր է «իքս» մեկի շուրջ համախմբվել, ուրեմն եկեք համախմբվենք, բայց ես կարծում եմ, որ քաղաքականությունը նաև փոփոխությունների հնարավորությունն է, պատկերացումների փոփոխություն, ես նման փոփոխություն չեմ տեսնում, նաև` գործունեության մեջ փոփոխություն»,- ասաց նա:
ԲՀԿ-ն, Հովհաննիսյանի խոսքով, կոալիցիայի անդամ է եղել, նաև պատասխանատվության որոշակի բաժին ունի Մարտի մեկի դեպքերում: ԲՀԿ-ՀԱԿ հարաբերությունների սերտացումն ակտիվիստը չցանկացավ մեկնաբանել: «Շատ տարօրինակ է, և ես դա չեմ մեկնաբանում: Մի բան, որ չեմ հասկանում, չեմ կարող մեկնաբանել, դա իմ պատկերացումներից վեր է՝ ճիշտն ասած»,- ասաց նա:










































