ԱՄՆ-ի հանրապետական սենատորներ Մարկ Քիրկն ու Դեն Քոութսը նամակ են հղել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլատերին՝ կոչ անելով դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը ՖԻՖԱ-ում, զրկել այդ երկրին աշխարհի 2014 թվականի առաջնության մասնակցությունից և 2018 թվականին աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացման իրավունքից:
«Ինքնիշխան Ուկրաինայի ռազմական բռնազավթման պատճառով, մենք խնդրում ենք քննարկել ՖԻՖԱ-ում Ռուսաստանի անդամակցության դադարեցման հարցը, նաև զրկել 2018թվականին աշխարհի առաջնության անցկացման իրավունքից։ Բացի այդ, խնդրում ենք Ռուսաստանի հավաքականին թույլ չտալ մասնակցել Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014 թվականի առաջնությանը»,- ասվում է նամակում։
Սենատորները ՖԻՖԱ-ի նախագահին հիշեցրել են, որ այդպիսի նախադեպ եղել է 1992-ին, երբ ՖԻՖԱ-ն արգելեց Հարավսլավիայի հավաքականին մասնակցել Եվրոպայի առաջնությանն ու աշխարհի 1994 թվականի առաջնությանը։








































