Վերջին տարիներին սեռով պայմանավորված աբորտները վտանգավոր չափեր են ընդունում: Վերջին հինգ տարիներին Հայաստանում հղիության արհեստական ընդհատման հետևանքով չի ծնվել 7.200 աղջիկ, այսինքն՝ տարեկան 1.400 երեխա: Ստացվում է, որ հիսուն տարի անց Հայաստանում չի ծնվի 93.000 աղջիկ, այն է՝ պոտենցիալ մայր: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը:
Նա հատկանշական համարեց, որ շատ ընտանիքներում կանանց ուղղակի ստիպում են գնալ սելեկտիվ աբորտների: «Մարդիկ մտածում են, որ եթե երեխա պիտի ունենան, ապա անպայման տղա, սակայն չեն մտածում, որ այդ տղան տարիներ անց չի կարողանալու հարսնացու գտնել և ամուսնանալ: Սա, ի վերջո, կբերի սերունդի շարունակության անհնարինության»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ սելեկտիվ աբորտների թվով Չինաստանից հետո Հայաստանը երկրորդ տեղում է:
Մարգարիտա Հովսեփյանը նշեց նաև, որ շատ կանայք, հաճախ տարվելով կարիերայով, պարզապես չեն ցանկանում երեխաներ ունենալ:
Ասուլիսի մյուս բանախոս, բազմազավակ մայր Նելլի Չիթինյանը նշեց, որ հպարտ է իր երեք աղջիկներով ու շատ է սիրում նրանց: «Ճիշտ է, այս դժվարին պայմաններում հեշտ չէ շատ երեխաներ ունենալ, մեծացնել նրանց, սակայն իմանալով, որ աղջիկների եմ սպասում, միևնույն է, չհրաժարվեցի նրանցից»,- ասաց նա՝ հավելելով, որ իր չորրորդ երեխան տղա է:









































