Ուկրաինայի նոր կառավարությունը դիմել է ԱՄՆ պաշտպանության նախարարությանը՝ առաջարկելով ընդլայնել երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը: Տվյալ առաջարկը կուսումնասիրվի Վաշինգտոնում: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, կոնտր-ծովակալ Ջոն Քիրբին ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի և Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխի հեռախոսազրույցի արդյունքներով:
«Նրանք ընդհանուր գծերով քննակել են այն հարցը, թե ինչպիսի համագործակցություն կարող են ցուցաբերել ԱՄՆ զինված ուժերը ուկրաինական բանակին»,- ասել է Քիրբին: Նրա խոսքով՝ Տենյուխը հիշատակել է մարդասիրական օպերացիաները և աղետի հետևանքների վերացման գործողությունները:
Հեյգելը խոստացել է քննել այդ խնդրանքը, սակայն «ժամկետներ կամ մանրամասներ չեն քննարկվել»:
«Մենք, ինչպես նախկինում, հետաքրքրված ենք Ուկրաինայի զինված ուժերի հետ սերտ հարաբերություններով, և կարծում եմ՝ մենք դա կանենք»,- հավելել է կոնտր-ծովակալը:
Նրա խոսքերով՝ Հեյգելը և Տենյուխը «պայմանավորվել են շարունակել երկխոսությունը այս դժվարին ժամանակահատվածում»:










































