Թուրքիայի կառավարությունը միջոցների հատուկ փաթեթ է պատրաստում ԱՄՆ-ում բնակվող թուրք հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Sabah թուրքական թերթը՝ վկայակոչելով երկրի կառավարության իր աղբյուրներին:
Միջոցների փաթեթի բովանդակությունն առայժմ չի հրապարակվում, սակայն նշվում է, որ Գյուլենի կողմնակիցների դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայում հնարավոր է փակվեն ոստիկանական դպրոցները:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին, որ 2011թ. իրականացվող հակակոռուպցիոն գործողության շրջանակներում գաղտնալսվել են շուրջ 7000 մարդու հեռախոսազրույցներ, որոնք կապված են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների հետ: Գաղտնալսվել են նաև երկրի վարչապետի ընտանիքի անդամների հեռախոսազրույցները:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը Գյուլենին մեղադրել է, որ նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած գաղտնալսումների հետևում:









































