Իջևանի բժշկական կենտրոնից Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանին այսօր տեղափոխեցին Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Նրան զննած վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի վնասվածքաբան Գոռ Ամրոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նախնական տվյալներով՝ հիվանդի մոտ առկա են բազկոսկրի չսերտաճած հրազենային կոտրվածք, ձեռքի սերտաճող կոտրվածք, կողոսկրի սերտաճող կոտրվածք, գլխի շրջանում վերքեր, վերջույթների շրջանում՝ սալջարդեր. «Հիվանդի վիճակը կայուն ծանր է, ուստի որոշվեց նրան բազմապրոֆիլ հիվանդանոց տեղափոխել, հետագայում նրան վիրաբուժական միջամտություն է անհրաժեշտ»:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն էլ տեղեկացրեց, որ Մամիկոն Խոջոյանի բուժումն ամբողջությամբ պետպատվերի շրջանակում է և գտնվում է նախարարի անմիջական հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղ բնակիչ Մամիկոն Խոջոյանը հունվարի 28-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել գերության մեջ. 77-ամյա ծերունին ունի հոգեկան խնդիրներ: Նրան ադրբեջանական կողմը հետ վերադաձրեց միայն մարտի 2-ին:






































