Պարտադիր կուտակայինի մասով իշխանությունները քննարկումներ չեն ծավալում, ամեն ինչ պարզ կլինի ՍԴ-ի համապատասխան որոշումից հետո: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ-ական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքին` պատգամավորը նշեց, որ չի կարելի ժողովրդի մի զանգվածի հավաքել հրապարակում, հայտարարել` այդ զանգվածը մերն է, հետո էլ ասել՝ բարի ճանապարհ, հնարավոր է` էլի հանրահավաք անենք: Ժողովրդին չի կարելի քաղաքական շահերի համար օգտագործել:
«Ինչ վերաբերում է բուն հանրահավաքին, ապա ՀԱԿ ամբողջ միտինգի գաղափարախոսությունը Լևոն Տեր-Պետրոսյանի մեսիջն էր` կապված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հոգունակության հետ»,- ասաց նա:
Շարունակելով ներքաղաքական թեման` Գալուստ Սահակյանը նշեց, որ մեզ անհրաժեշտ է նախագահ, որը կարողանում է երկիր ղեկավարել և ուղղորդել ժողովրդին: «Այնպես որ, խոսակցությունները, կռիվը, թե ամենալավ ընդդիմությունն ով է, ով չէ, ոչ ոքի ձեռնտու չէ: Տա աստված, որ ունենանք մոտեցումներ ձևավորող ընդդիմություն: Մինչդեռ ընդդիմության միակ ուզածն իշխանությունն է: Իսկ իշխանության գալու համար ընդդիմությունը պետք է աշխատի ժողովրդի հետ, այլ ոչ թե միայն խոսի:
Մեր ընդդիմությունը քաղաքական դաշտից դուրս է գալիս, ասում` իշխանական կուսակցություններ, դո՛ւրս եկեք այս դաշտից, մեզ ա՛յս տվեք, ա՛յն տվեք: Ընդդիմությունը միայն ու միայն նախագահի աթոռ է ուզում, բայց ոչ երբեք՝ գյուղապետի պաշտոն: Միայն հանրահավաքներ անելով` ուզում են իշխանության գալ: Մենք պետք է ակտիվանանք ներսից, ոչ թե մայդաններից կամ արաբական գարուններից ոգևորվելով»,- ասաց հանրապետական գործիչը` հավելելով, որ ժողովրդի մեջ իշխանափոխության ցանկություն չի տեսնում:
Լրագրողներից մեկի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի խոսակցությունները, որ ԲՀԿ-ի հետևում երևում են Ռոբերտ Քոչարյանի ականջները, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն այնպիսին է, ինչպիսին կա: «Քաղաքական այդ ուժը ոչ ոքի ո՛չ առջևում է, ոչ էլ հետևում: Ուղղակի նա իրեն այլընտրանք է հայտարարել: ՀԱԿ-ն էլ մտածում է, որ ԲՀԿ-ի թիկնոցի տակից հոխորտալով խոսելու լավ պահ է: Միաժամանակ, չեմ կարծում, որ ԲՀԿ-ն դրանից կորցնի իր քաղաքական իմիջը»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Ներկաները բանախոսից հետաքրքրվեցին` ունի՞ արդյոք ՀՀԿ-ն հաջորդ նախագահական ընտրությունների հավանական թեկնածու, ինչին ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը շտապեց նշել, որ անպարկեշտ եմ համարում ՀՀԿ թեկնածուի անուն տալ, քանի որ դեռևս պաշտոնավարող նախագահ կա: «Ուղղակի կասեմ, որ մենք ոչ ոքի չենք չեզոքացնում, ուղղակի մրցակցում ենք` լինելով մեծ քաղաքական ուժ»,- ասաց նա:
Հարցին` ո՞ւմ է ինքը շեֆ ասում, այն պարագայում, երբ խոսակցությունների համաձայն` շատ հայ իշխանավորներ «շեֆով» դիմում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ շեֆ ասել է միայն հորը, ով, սակայն, այժմ կենդանի չէ:
Ամփոփելով` Գալուստ Սահակյանը հետաքրքրական համարեց, որ Հայաստանում բոլորը ցանկանում են հարստանալ, սակայն քննադատում են հարուստներին՝ փոխանակ աղքատությունը քննադատելու: «Եթե չլիներ նույն օլիգարխիան, 100 հազար աշխատատեղեր չէին լինի»,- շեշտեց հանրապետական գործիչը:
Լուսանկարը` PAN Photo-ի









































