«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քախտեխնոլոգ Իգոր Մուրադյանը:
– Պարոն Մուրադյան, Ղրիմում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններն ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող են ունենալ Ռուսաստանի արտաքին և ներքին քաղաքականության վրա:
– Ղրիմն իր աշխարհաքաղաքական, էթնո-ժողովրդագրական և քաղաքական գործոններով եղել և մնում է Ռուսաստանի համար հզոր լծակ ոչ միայն Ուկրաինայի, այլև տարածաշրջանի ամբողջ ռազմավարական իրավիճակի վրա ազդելու համար՝ ներառյալ Արևելյան միջերկրածովյան շրջանը, Մերձավոր Արևելքը, Բալկանները և Կովկասը: Ռուսաստանը տիրապետում է բոլոր ռեալ լծակներին Ղրիմին իր տիրապետության տակ պահելու համար: Մոսկվայի առջև խնդիր է դրված՝ կարգավորել իրավական հարցերը, այդ պատճառով Ղրիմի իրավիճակը կդառնա ճնշման հիմնական գործոնը և կհանդիսանա Ուկրաինայի հետ քաղաքական փոխանակման հիմնական ռեսուրսը: Այսինքն՝ Ղրիմը մնում է Ուկրաինայի տարածքում ռուսական ռազմածովային նավատորմի՝ տարածաշրջանում պահպանման և ընդլայնման դիմաց:
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ծայրաստիճան հետաքրքրված են Ղրիմում Ռուսաստանի ռազմական ներկայությունը թուլացնելու հարցում, բայց միաժամանակ առաջանում է Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայության հզորացման հեռանկար: Դժվար թե հիմա Վաշինգտոնում և Բրյուսելում պատկերացում ունեն, ինչպես միացնել երկու նպատակ և խնդիր՝ապահովել ուժերի բալանս Սև ծովում և միաժամանակ թուլացնել Ռուսաստանի դերը: Այդ ամենի հետ մեկտեղ Արևմուտքը և Ուկրաինան նպատակ են հետապնդելու Ռուսաստանին ներգրավել երկարատև և չլուծվող խնդիրների մեջ՝ Ղրիմի հետ:
Սևաստոպոլի և Ղրիմի կորուստը Ռուսաստանի համար նշանակում է «փոքր» աշխարհաքաղաքական աղետ, որը կբերի շարունակական և դժվար խնդիրների՝ ռուս ժողովրդի աշխարհաքաղաքականության և նույնիսկ ռուս ժողովրդի ինքնության համար: Սա հավասարազոր է Գերմանիայի կողմից Արևելյան Պրուսիայի կորստին: Ռուսաստանի՝ Ղրիմից դուրսմղումը կնշանակեր թուլացում ամբողջ Հարավային ռազմավարական ուղղությամբ, տվյալ կարևորագույն ուղղությամբ տարածաշրջանային գերտերության «կարգավիճակի» կորստի: Սա չի կարող չանդրադառնալ ներքաղաքական ճգնաժամի վրա և կբերի գոյացած բացը լցնելու անհրաժեշտության: Այդ է պատճառը, որ եթե մոտակա ամիսներին Ուկրաինայի հետ հարաբերությունները կարգավորել չհաջողվի, դա կնշանակի, որ Ռուսաստանը թաղվել է երկարաժամկետ ներքաղաքական ճգնաժամի մեջ:
– Եվ Ղազախստանում, և Բելառուսում միլիոնավոր ռուսներ են ապրում: Եթե հաշվի առնենք կատարվածի վերաբերյալ Նազարբաևի և Լուկաշենկոյի արձագանքները, այս ամենից հետո ի՞նչ է սպասում Մաքսային միությանը և Եվրասիական միությանը
– Անխոս, ուկրաինական դեպքերի առնչությամբ Բելառուսի և Ղազախստանի քաղաքական ղեկավարության անվստահության նախանշաններ են ի հայտ եկել, որովհետև այս երկու պետությունները, իրենց ցանկությունից անկախ և հակառակ ազգային շահերի, ներգրավված են միջազգային ճգնաժամի մեջ: Նրանք հասկանում են, որ ինչ-որ կերպ պետք է արձագանքեն: Բայց թե ինչպես արձագանքել, Բելառուսի և Ղազախստանի նախագահները չգիտեն, սակայն նրանց համար նոր իրավիճակ է ստեղծվում՝ հղի Արևմուտքի հետ հարաբերությունների բարդացմամբ: Իսկ նրանք նման բան չեն ուզում: Ռուսաստանի այս երկու գործընկերներն առանց այդ էլ միջազգային տնտեսական հարաբերությունների մասով շատ բան են զոհաբերել, որպեսզի լուծեն իրենց անվտանգության խնդիրը: Սակայն այսուհետ ևս շարժվել մեկուսացման ուղիով նրանք չեն պատրաստվում:
Ղազախստանը տիրապետում է արժեքավոր հանքային ռեսուրսների, սակայն ներկայիս իրադարձությունները դժվար թե արտացոլվեն նրանց տնտեսական վիճակի վրա: Սակայն հեռանկարում՝ մոտ ապագայում, կարող են Արևմուտքի հետ հարաբերություններում խնդիրներ ծագել, ինչը կարտացոլվի նաև ներքաղաքական դրության վրա: Բելառուսը միանշանակորեն կցանկանար հարաբերությունների զարգացում ապահովել ԵՄ-ի հետ, ընդ որում՝ «Արևելյան գործընկերության» նախագծի շրջանակներում: Սակայն գլխավոր խնդիրը անվտանգության ոլորտն է, և երկու պետություններն էլ հասկանում են, որ լինելով ՀԱՊԿ անդամ, պետք է արձագանքեն նաև պաշտպանության ոլորտի իրադարձություններին: Իսկ դա պետք չէ: Այդ պետությունները ստեղծված ճգնաժամային իրավիճակում միանշանակ դիրք չեն գրավի, ինչը Ռուսաստանից որոշակի հեռավորություն պահել կնշանակի:
– Եթե Արևմուտքը Ռուսաստանին այլևս գործընկեր չի ընկալում, ապա կարո՞ղ է Ռուսաստանը դուրս գալ Մինսկի խմբից և իրեն «նշանակել» ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ երաշխավոր: Ինչպե՞ս կանդրադառնան ուկրաինական իրադարձությունները Մինսկի խմբի աշխատանքների վրա, երբ խորը անվստահության մթնոլորտ է ձևավորվել:
– Դժվար թե դա տեղի ունենա, քանի որ կարող է հանգեցնել երեք ուժային կենտրոնների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի քաղաքականության կազմալուծման: Սա կհանգեցնի շատ լուրջ և անկանխատեսելի հետևանքների:
Մինսկի խումբը քաղաքական խումբ է, որում հետաքրքրություններ ունեն բոլոր երեք կողմերը և շատ այլ պետություններ: Այնպիսի հասկացություն, ինչպիսին «անվստահությունն է», հաշվի չի առնվում ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում: «Անվստահությունը» ծագում և կարևոր նշանակություն է ունենում գործընկերների միջև, իսկ ԱՄՆ-ը և Ռուսաստանը գործընկերներ չեն, կամ էլ դա շատ պայմանական է:
ԱՄՆ-ը, Ռուսաստանը և այլ երկրներ միջազգային անվտանգության շահերից ելնելով փորձում են ամեն դեպքում «լոկալացնել» ուկրաինական ճգնաժամը՝ չնայած նրան, որ Արևմուտքը Ռուսաստանի վրա բավական ուժեղ ճնշում է գործադրում, և անկասկած նշանակություն ունի միջազգային լուրջ ճգնաժամը: Այդ ճնշումը կունենա ինչպես անմիջական նշանակություն, այնպես էլ Ուկրաինային օգնություն և աջակցություն ցուցաբերելու մասով:
– Որքանո՞վ է համարժեք Հայաստանի դիրքորոշումը Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների և առկա իրավիճակի հարցում: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Հայաստանը չի ճանաչում Ուկրաինայի նոր իշխանություններին:
– Մենք երբեմն այնքան էլ ազնիվ և անկեղծ չենք ինքներս մեր հանդեպ, և երբ դա վերաբերում է քաղաքական հարցերին, ավելի ցինիկ բան է տեղի ունենում: «Հայաստանը համաձայնել է հրաժարվել արտաքին քաղաքականության իրականացումից» արտահայտությունը միայն ռեպլիկ չէ, այն իրականություն է: Արտաքին քաղաքականությունը շատ համակարգային գործընթաց է, և այդ համակարգայնության խախտումը բերում է մեծ անախորժությունների:
Հայաստանի դրության համակարգայնությունը հրաժարում է ինքնիշխանությունից և արտաքին քաղաքականությունից, դրա համար էլ ավելի լավ է պահպանել այդ սկզբունքը: Հայաստանը կարիք չունի արտահայտել ուկրաինական հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը, ինչպես այլ հարցերի վերաբերյալ: Դրվագները և հատվածները արտաքին քաղաքականության ուղեկիցներ չեն:











































