Ղրիմի ինքնավար հանրապետության վարչապետ Սերգեյ Ակսյոնովի խոսքով՝ Ղրիմի կառավարությունը դեռևս պատրաստ չէ պատասխանել ուկրաինական խորհրդարանի ներկայացուցիչների հետ բանակցությունների առաջարկին, քանի որ Կիևի նոր իշխանությունը լեգիտիմ չի համարում: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Ավելի վաղ Գերագույն ռադայում հայտնել էին, որ պատգամավորները հանդիպել են Ղրիմի խորհրդարանի ներկայացուցիչներին և պայմանավորվել աշխատանքային խումբ ստեղծել Ղրիմի Սահմանադրությունում փոփոխությունների նախապատրաստման համար:
Ղրիմի իշխանությունները փետրվարին հրաժարվեցին ճանաչել Կիևի նոր ղեկավարությունը: Ինքնավար հանրապետության խորհրդարանը լուծարեց կառավարությունը և վարչապետի պաշտոնում նշանակեց «Ռուսական միասնության» առաջնորդ Սերգեյ Ակսյոնովին: Ղրիմում հայտարարվեց տարածաշրջանի կարգավիճակի հարցով հանրաքվե: Սպասվում է, որ այն կկայանա մարտի 30-ին:










































