Մոսկովյան «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Սմբատ Կարախանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չհամաձայնեց Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված այն տեսակետի հետ, թե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին արած իր հայտարարություններով ոչ իշխանական ուժերի շարքում նրան առաջին պլան է մղում, իսկ Գագիկ Ծառուկյանին էլ ընդդիմության առաջնորդ է կարգում:
«Այստեղ առաջնորդության խնդիր չի դրվում: Իհարկե, եթե չորս քաղաքական ուժեր միանում են, ապա տեսականորեն այդ ուժերի ղեկավարներից մեկը կարող է մի փոքր ավելի լիդերային լինել: Բայց այդ ձևաչափը վերջնականապես որոշված չէ, որ մեկը դառնա լիդեր: Դա չի լինելու նաև մոտակա ժամանակներս, այսօրվա դրությամբ նման խնդիր չկա: Բայց կա խնդիր, որ Հայաստանին անհրաժեշտ են լեգիտիմ իշխանություններ, և Հայաստանում պետք է վերականգնվի սահմանադրական կարգը:
Հայաստանում անհրաժեշտ է առողջ ուժերի միավորում, որոնք կարող են ժողովրդին ոտքի հանել, կարող են կազմակերպել զանգվածային հանրահավաքներ, հասարակական-քաղաքական միջոցառումներ և պայքարը տանել այդ հարցերի լուծման ուղղությամբ»,- ասաց Ս. Կարախանյանը:
Նրա խոսքերով՝ այս միավորման մեջ, բնական է, որ հարցեր կառաջանան, թե ԲՀԿ-ն ժամանակին կոալիցիայի մաս է կազմել ու պատասխանատու է այդ իշխանությունների գործողությունների համար:
«Անկախ այն հանգամանքից, թե այդ չորս քաղաքական ուժերից որը անցյալում ինչ է արել, ամեն դեպքում, պետք է դեպի առաջ նայել: Կարելի է այդ չորս ուժերից բոլորին էլ քննադատել, կան թերություններ, դրական և բացասական կողմեր: Բայց Լ. Տեր-Պետրոսյանի ասածի իմաստն այն է, որ մենք պետք է առաջ գնանք:
Եվ եթե այսօր այդ քաղաքական ուժերը օգնում են ժողովրդավարական իշխանության ձևավորմանը, օգնում են ազատվել ավազակապետությունից, քրեաօլիգարխիկ համակարգից, ապա պետք է առայժմ առաջ նայել: Ես դեմ չեմ, որ պետք է վերադառնալ անցյալի հետ կապված բոլոր հարցերին՝ սկսած Մարտի 1-ի դեպքերից մինչև այն, թե ինչով են զբաղվել նախկինում, բայց դա առանձին հարց է: Իսկ եթե այսօրվա դրությամբ նրանք դրական դեր են կատարում, հասարակական- քաղաքական կյանքում գործոն են հանդիսանում, որ մեծահարուստները օգնում են ժողովրդավարական խնդիրների լուծմանը՝ դա արդեն դրական երևույթ է: Սա էր ուզում ասել Լ. Տեր-Պետրոսյանը:
Բայց պետք է նաև հասկանալ, որ միակ քաղաքական ուժը, որն իվիճակի է հավաքել ուժերին կամ կազմակերպել նման հանրահավաք, նման մոբիլիզացիա, քաղաքականության մեջ ռազմավարական դաշնակիցներ ձևավորել, ինչ էլ որ ասեն, մնում է ՀԱԿ-ը: Իհարկե, ակնկալիքներ կային, թե նոր ուժեր կծնվեն, հասարակական-քաղաքական նոր շարժում կառաջանա, բայց չեղավ»,- եզրափակեց Ս. Կարախանյանը:
Սմբատ Կարախանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կներկայացնենք ավելի ուշ:











































