Մարտի 1-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանն աշխատանքային այցելություն ունեցավ Սամցխե-Ջավախք նահանգի Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջաններ:
Նինոծմինդայում՝ Ռաֆայել Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը դեսպան Մանուկյանն ընդգծեց հայ համայնքային կյանքում մշակութային, կրթական և սպորտային ակտիվության կարևորությունը և կոչ արեց այդ ուղղություններով շարունակել գործունեությունը:
Դեսպան Մանուկյանը հատկապես կարևորել է Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը հայ համայնքային կյանքում և հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության պահպանման գործում:
Վրաստանում ՀՀ դեսպանը համայնքային մի շարք ակտիվիստների փոխանցել է Հայաստանի սփյուռքի, կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների գերատեսչական պարգևները:
Նույն օրը համայնքային կառույցների ներկայացուցիչների և առանձին անհատների հետ հանդիպում տեղի է ունեցել Ախալքալաքի շրջանում:
Հանդիպման մասնակիցների հետ զրույցում քննարկվել են, Վրաստանի հայ համայնքում առկա խնդիրներին և համայնքային կյանքի աշխուժացմանն ուղղված քայլերին առնչվող, Ջավախքի տարածաշրջանի հայ ազգաբնակչությանը հուզող բազմաթիվ հարցեր: Դեսպան Մանուկյանը ներկայացրել է հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակը:
Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ գերատեսչական պարգևների հանձնման պաշտոնական արարողությունը:
Դեսպան Մանուկյանին ուղեկցել են և հանդիպումների ընթացքում խոսքով հանդես է եկել Ջավախքի ընդհանուր փոխանորդության առաջնորդ Հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, ՀՀ Աժ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:










































