Փաստաբան Վահե Գրիգորյանը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում խոսելով Սահմանադրության կենսունակության ու գործուն լինելու մասին, ասաց. «Գործուն է այնքանով, որքանով կիրառվում է, այսինքն՝ նվազագույնից էլ ցածր»։
Թե ինչն է խանգարում երկրի մայր օրենքի ամբողջությամբ գործելուն, Վ.Գրիգորյանը նշեց. «Նրանք, ովքեր պարտավոր են իշխանությունը իրականացնել, մասնավորապես նաև Սահմանադրության պահպանմանը հետևել՝ սկսած հանրապետության նախագահից և մնացած բոլոր պաշտոնյաներով։ Երբեմն միտումնավոր, երբեմն էլ օբյեկտիվ պատճառներով ուղղակի չեն կիրառում Սահմանադրությունը, Սահմանադրությունը կիրառելը նրանց համար կնշանակեր ընդամենը իրենց պատկերացնել իշխանությունն իրականացնող»։
«Առաջին լրատվականի» այն հարցին, թե ինչ փոփոխություններ կցանկանար տեսնել Սահմանադրության մեջ, փաստաբանը պատասխանեց. «Առաջին կարևոր բանը, որ կցանկանայի Սահմանադրության մեջ տեսնել (եթե այն երբևէ փոփոխվի), միաձույլ դատական համակարգի ստեղծումն է, այսինքն՝ առանց այն բաժանելու սահմանադրական արդարադատության և ընդհանուր իրավասության դատական համակարգի, այսինքն՝ գերագույն դատարանը միաժամանակ կլուծեր նաև սահմանադրական արդարադատության վերաբերյալ հարցեր»։









































