Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ տնտեսական աճի թիվ մեկ առաջնահերթությունը արդար, հավասար մրցակցային միջավայրի ձևավորումն է: Դժվար է հիշել մի ժամանակաշրջան, երբ Հայաստանում իշխանությունը հանդես գար անհավասար, անարդար անմրցակից միջավայրի անհրաժեշտության մասին հայտարարություններով: Միշտ էլ մրցակցության մասին են խոսել, վերջին տարիներին, իհարկե, ավելի շատ են խոսում, գուցե նույնիսկ ընդդիմադիր կամ ոչիշխանական ուժերից էլ ավելի շատ: Սակայն ինչ է տեղի ունենում իրականում:
Իրականում տեղի է ունենում, օրինակ, հերթական ոլորտի խոշորացում, երբ խաղատնային բիզնեսում գործողության մեջ է մտնում օրենք, որի համաձայն՝ բոլոր խաղատները Երևանի մերձակայքից պետք է հեռացվեն, և բացառություն կարող են կազմել միայն նրանք, որոնցում արվում է 40 միլիարդ դրամից ավելի ներդրում: Արդյունքում տեղի է ունենում այն, որ, օրենքի համաձայն, բոլորը տեղափոխվում են Ծաղկաձոր, Ջերմուկ կամ Սևան, մի զգալի մասն էլ պարզապես փակվում է, իսկ Երևանում մնում է մեկը և շուտով էլ պատրաստվում է ներդրվել մյուսը: Ըստ որում՝ երկուսն էլ պատկանում են նույն մարդուն, և ինչը, ի դեպ, առավել հետաքրքրական է, այդ մեկ մարդը ոչիշխանական ուժերի առաջատար ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն է:
Այսինքն՝ մենք իրականում տեսնում ենք, թե Հայաստանի իշխանությունները ինչպես են արդար, հավասար մրցակցային միջավայրի խնդիր լուծում: Մենք այս լուծումները տեսնում ենք, օրինակ, այսպես ասած, «կարմիր գծերի» օպերացիայի տեսքով: Երևանի քաղաքապետարանի կայացրած որոշմամբ, Երևանում ներդրվում է վճարովի փողոցային ավտոկայանատեղիի ինստիտուտը, որով դուրս են մղվում օրվա հացի փող վաստակող հարյուրավոր և գուցե հազարավոր «պարկովշիկներ», իսկ դրա փոխարեն մայրաքաղաքում հաստատվում է մեկ «պարկովշիկ»: Եվ այդ մեկ մարդը, ի դեպ, Սերժ Սարգսյանի մանկության ընկերն է, որի քրոջ որդուն է պատկանում «պարկովշիկ» ընկերությունը: Այդ ընկերությունը ստանում է կայանատեղիի համար կատարվող վճարների 70 տոկոսը:
Ի դեպ, նման մի 70 տոկոս էլ գնում է երթևեկության կարգավորման տեսախցիկներ ու արագաչափեր տեղադրող ու սպասարկող ընկերության գրպանը, այսինքն՝ տուգանքների 70 տոկոսը: Սա ևս աննախադեպ շահութաբեր բիզնես է, որը տրվել է մեկ մարդու, և այդ մեկ մարդը, ինչպես հայտարարում էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, Սերժ Սարգսյանի եղբայրներից մեկն է՝ Սաշիկ Սարգսյանը: Արագաչափերի և տեսախցիկների բիզնեսը ուղղակի քամում է քաղաքացիներին և լցնում ոչ թե պետական բյուջեն, այլ մեկ ընկերության գրպանը: Այն դեպքում, երբ կարելի էր գոնե այդ գումարներն ուղղել ոստիկանության աշխատավարձերի ֆոնդին, մեծ չափերով, և այդ մեխանիզմով փորձել բարձրացնել ստորին օղակների ոստիկանների սոցիալական պայմանները, նաև բարձր աշխատավարձերի միջոցով պայքարել կոռուպցիայի դեմ, չնայած հասկանալի է, որ սա պայքարի միակ միջոցը լինել չի կարող, և պետք է զուգահեռ նաև վերահսկողության և պատասխանատվության մեխանիզմների կիրառում:
Սակայն չշեղվենք բուն թեմայից՝ հավասար, արդար մրցակցային միջավայրի ձևավորումից:
Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ մենաշնորհ էր և օլիգոպոլ կարգավիճակ, ու հիմա դա չկա, չկա մի օլիգարխ, որն իր մենաշնորհներից կամ օլիգոպոլ դիրքերից զրկվել է, եթե, իհարկե, ո՛չ քաղաքական պատճառներով և նրա ունեցվածքը ո՛չ մեկ այլ օլիգարխի հանձնելով:
Եվ ահա, նման պայմաններում հայտարարությունները, որ արվում են մրցակցության մասին, շատ ու շատ ավելի պակաս արժեն, քան, օրինակ, լուցկին: Որովհետև լուցկով գոնե հնարավոր է մոմ վառել, իսկ նման հայտարարություններով նույնիսկ վառված մոմը կհանգի, որովհետև քամուց կրակը հանգում է:












































