Հանրապետական խորհրդարանական խմբակցության պատգամավոր և օլիգարխ Սամվել Ալեքսանյանը ձեռք է բերում նորանոր բիզնես-ոլորտներ: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ նա հիմա էլ իր ձեռքում է կենտրոնացնում սգո սրահների բիզնեսը:
Վերջին շրջանում հայ հասարակության մեջ սկսել է տարածում գտնել սգո սրահներից և հարակից ծառայություններից օգտվելու մշակույթը: Այն կարող է դառնալ բավականին եկամտաբեր բիզնես: Մյուս կողմից՝ նման սրահների կառուցման և ծառայությունների մատուցման հնարավորություն ոչ բոլորն ունեն, քանի որ դրանց համար էլ է ներդրում անհրաժեշտ: Իսկ մեր երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած տեսակի բիզնեսով զբաղվում են մի խումբ արտոնյալ գործարարներ կամ պաշտոնյաներ, իսկ ողջ բնակչությունը նրանց ծառայությունների գնորդն է: Այսինքն՝ եթե նոր տեսակի բիզնես-միջավայր է ստեղծվում, կրկին այդ մի խումբ մարդիկ են այդտեղ գործունեություն ծավալում: Եվ առաջին հերթին՝ Ս. Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է սգո սրահներին, ապա դրանց համար նաև տարածքներ են անհրաժեշտ, ինչը մեզ մոտ ոչ բոլորին է տրվում: Այս պատգամավորն այժմ սկսել է այս բիզնեսը ևս մենաշնորհել ու այդպիսի սրահներ ու ծառայություներ բացել Երևանի տարբեր համայնքներում:
Այս առումով քաղաքական շրջանակներում անեկդոտ է շրջանառվում՝ Հայաստանի քաղաքացին ծնվում և մահանում է Ս. Ալեքսանյանի հետ՝ կյանքի բոլոր փուլերն անցնում է այս պատգամավորի հետ: Մարդու ծնունդը սկսվում է հիվանդանոցից, և Ս. Ալեքսանյանը հիվանդանոց ունի: Կյանքի ընթացքում մարդը կարող է հիվանդանալ, Ս. Ալեքսանյանը մտածել է նաև նրա առողջության մասին ու իր ձեռքն է վերցրել մեր երկրի դեղերի գրեթե ողջ բիզնեսը՝ սկսած ներկրելուց, արտադրելուց մինչև իրացնելը և իր սեփական հիվանդանդանոցում դրանք հիվանդներին հատկացնելը: Ս. Ալեքսանյանը հասկացել է, որ մարդուն սնունդ է անհրաժեշտ, ու իր ձեռքն է վերցրել գրեթե բոլոր տեսակի մթերքների ներկրման, արտադրման ու իրացման գործը: Դրա համար նա ունի ներկրման մոնոպոլիաներ, ձկնաբուծարաններ, խոզաբուծարաններ, տարբեր տեսակի արտադրություններ և հսկայական սուպերմարկետների ցանց՝ դրանց իրացման համար: Ավելին՝ սնվելու հարցում մարդկանց գործը հեշտացնելու համար նա ունի ռեստորաններ, ու այդպես շարունակ:
Եվ ահա, երբ մարդը տարիքն առնում է և գալիս է կյանքին հրաժեշտ տալու ժամանակը, այստեղ նույնպես նրան օգնության է հասնում Ս. Ալեքսանյանը: Նրա համար գեղեցիկ կերպով կազմակերպում է այս աշխարհից հեռանալու բոլոր արարողությունները: Այնպես որ՝ Ս. Ալեքսանյանը ընդմիշտ է մեր կյանքում՝ ինչպես «Կոկա-կոլան»: Քաղաքական շրջանակներում նման կատակ, բայց ավելի շուտ՝ դաժան իրականությունը ի ցույց անող պատում է շրջանառվում այս օլիգարխի մասին:









































