Հուլիսի 4-ին Թունիսում կայացել է երկրի նախկին նախագահ Զին Ալ-Աբիդն բեն Ալիի դեմ քրեական դատավարության հերթական նիստը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Դատարանի որոշմամբ,- դատական նիստն անցել է առանց Բեն Ալիի, որը հունվարի 14-ի հեղափոխությունից հետո ընտանիքով փախուստի մեջ է Սաուդյան Արաբիայում,- նախկին նախագահը պետք է ազատազրկվի ևս 15 տարով: Եթե սրան գումարենք նույն դատարանի կողմից նախկինում կայացված որոշումը, համաձայն որի՝ Բեն Ալին պետք է ազատազրկվեր 35 տարով, ապա Բեն Ալին բանտում պետք է անցկացնի 50 տարի: Եթե, իհարկե, Սաուդյան Արաբիան համաձայնի արտահանձնել նրան:
Տուգանքների գումարներն այս պահին գերազանցում են 60 միլիոն դոլարը:
Ակնկալվում է, որ նրա գործով կլինի ևս մեկ դատավճիռ: Այդ գործով նա մեղադրվում է պաշտոնական դիրքի և իշխանության չարաշահման, ինչպես նաև հակակառավարական ցույցի մասնակիցների սպանության մեջ:








































