Ամերիկաբնակ հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը օսկարակիր Սյուզան Սարանդոնի հետ նկարահանվել է նոր փաստագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում: Մի շարք փառատոններում ֆիլմը բազմաթիվ մրցանակների է արժանացել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նյուրքաբնակ նկարիչը նշեց, որ ֆիլմի գաղափարը Արթուր Բալդերինն է, ով էլ հենց ֆիլմի ռեժիսորնն է. «Նա ինձ գտել է սոցկայքերով, հանդիպեցինք, զրուցեցինք, ֆիլմի գաղափարը ծնվեց փոքր մտքից և ծավալվեց ու ներառեց այն ամենը, ինչ տեղի էր ունենում իմ կյանքում, այդ ժամանակ ես ընկերացել էի Սյուզանի հետ, նկարում էի նրան, և նա էլ հայտնվեց ֆիլմում. ֆանտաստիկ մարդ, ով շատ ոգեշնչող է»:
Նկարիչը հույս հայտնեց, որ ֆիլմը նաև հայ հանդիսատեսին կցուցադրվի «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում, և ընդգծեց. «Շատ եմ սպասում այդ օրվան, որ կիսվեմ հայ հանդիսատեսի հետ»:
«Ես տարվա մեծ մասը Հայաստանում չեմ, բայց ես ինձ երևանցի եմ զգում, իմ արմատներն այստեղ են, այստեղ ես տանն եմ»,- ընդգծեց նկարիչը:
Արվեստասեր հասարակությանը Տիգրան Ձիթողցյանը հայտնի է խոհափիլիսոփայական «Հայելիներ» շարքով, որը ներառում է ձեռքերով փակված դիմանկարներ: Արվեստագետի խոսքով՝ նկարիչը ճանաչման և իր ուրույն ձեռագիրը ձեռքբերելու խնդիր ունի. «Եվ «Հայելիներ»-ն ինձ հնարավորություն տվեցին դա անելու, բայց սա դեռ իմ վերջնակետը չէ… Ինձ սկսեց հետաքրքրել, թե որտեղ է սահմանը գեղեցկության, և որտեղ է կորչում անհատականությունը… Երեխա ժամանակվանից սկսած՝ եթե ինչ-որ բան ենք ուզում թաքցնել, ձեռքերով փակում ենք, հոգեբանորեն մեզ թաքցնելու համար ձեռքերով փակում ենք դեմքը, բայց միևնույն ժամանակ ձեռքերը կարծես բնական ֆիլտր են, դու տեսնում ես մարդուն ձեռքերի միջոցով»:
Մանրամասն՝ տեսանյութում:












































