ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 28-ին ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադարձավ մամուլի հրապարակումներից մեկին, ըստ որի՝ Ծաղկաձորում Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպում է տեղի ունեցել, որից հետո նրանք հեռացել են՝ լարված հարաբերություններ ունենալով: «Ես՝ որպես լրագրող (նախկին լրագրող չի լինում), շատ հարգում եմ լրատվամիջոցների, բոլոր իմ գործընկերների գործունեությունը, բայց բարեկամական խորհուրդ կտայի խիստ կոնկրետ լրատվամիջոցների՝ կոնկրետ ուղղորդված հրապարակումներին մեծ հավատ և վստահություն չընծայել»,- ասաց նա:
Զոհրաբյանին հիշեցրին՝ պատգամավոր Ալիկ Արզումանյանը հստակ մեղադրում է ԲՀԿ-ին՝ ասելով, որ միայն «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ն են շահագրգիռ Մարտի 1-ի դեպքերի բացահայտման համար, ինչին պատգամավորն արձագանքեց, թե հենց դրա համար են ասում՝ մերկապարանոց հայտարարություններ հնչեցնելով չի, կա հատուկ քննչական ծառայություն:
«Երեկ հնչեց, որ՝ ինչի՞ եք հանձնաժողով ստեղծում, ՀՔԾ-ն զբաղվում է, բա՝ եկեք կազմենք հանձնաժողով՝ տարբեր քաղաքական շահագրգիռ ուժերից կազմված, որոնք ունեն տարբեր մոտեցումներ տարբեր խնդիրների վերաբերյալ, քննարկենք, այդ թվում նաև Ալիկ Արզումանյանի մտահոգությունները, դարձնենք քննարկման առարկա, պարզենք, հնչեցնենք հարցեր՝ ինչու չի կատարվել փամփուշտի նույնականացում զենքի հետ, ինչ զենքերից են կրակվել, որտեղ են հիմա այդ զենքերը: Քննարկենք: Կրկնում եմ՝ մեզ համար տաբու հարցեր չկան, ասում եմ՝ մենք բաց ենք ցանկացած հարց բարձրացնելու, քննարկելու. սա է խնդիրը»,- ասաց նա:
Զոհրաբյանին խնդրեցին մեկնաբանել նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությունը, թե՝ ակնկալում էր ՀԱԿ-ից լսել «Շնորհակալություն, «Բարգավաճ Հայաստան»…», և թե ՀԱԿ-ը այլընտրանք ԲՀԿ-ն դարձրել է ընտրանքային, ու կարծում է՝ ընտրյալն ինքն է: «Ես ընդհանրապես կարծում եմ, որ ցանկացած ասված խոսքը մեկնաբանելը որևէ քաղաքական ուժի պարտավորությունը չէ… Խնդրում եմ՝ ազատեք ինձ Գալուստ Սահակյանին և այլոց մեկնաբանելու «գերագույն» հաճույքից», – ասաց նա:








































