Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանի գնահատմամբ՝ այս պահին չկա մի ուժ, որը կարողանա ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում փոխարինել Ռուսաստանին:
Նկատենք, որ վերջին շրջանում ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացում բավական ակտիվ հայտարարություններով է հանդես գալիս Եվրամիությունը և, բազմաթիվ գնահատականներով, ԵՄ-ն ցանկանում է, որպես կառույց, իր մասնակցությունն ունենալ Մինսկի խմբում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Կարապետյանը նկատեց, որ առաջիկայում Մինսկի խմբի ֆորմատի փոփոխություն չի լինի, քանզի դրա համար հիմք և այլ՝ առավել հզոր ֆորմատ չկա:
Կարապետյանն ընդգծեց, որ Ռուսաստանի՝ առաջնային միջնորդի գործունեությունը կշարունակվի և ունենալով ԱՄՆ-ին ու Ֆրանսիային հավասարաչափ լիազորություններ, Ռուսաստանն այժմ ավելի ակտիվ է, քան առաջին երկուսը. «Բայց վերջիններս էլ իրենց հայտարարություններով և մոտեցումներով միշտ համերաշխություն են հայտնում Ռուսաստանի միջնորդական ջանքերին»:











































