ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը մտադիր է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ ԱԺ քառօրյա ռեժիմից եռօրյայի անցնելու: Այս մասին փետրվարի 28-ին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա համոզմունք հայտնեց, որ այդ ռեժիմն ավելի բովանդակային կդարձնի իրենց աշխատանքը, երկու շաբաթ ընդմիջումը կկրճատվի մեկ շաբաթով ու կավելանա նիստերի, հացուպատասխանների, հայտարարությունների քանակը:
«Գերագույն խորհրդից սկսած՝ բավական երկար ժամանակ՝ մինչև 2004 թվականը, այս ռեժիմով ենք աշխատել»,- ասաց նա: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հակոբյանի խոսքով, կմասնակցի վաղը տեղի ունենալիք հանրահավաքին: Խմբակցության ղեկավարը նույնպես ներկա կլինի այնտեղ:
ԱԺ պատգամավոր Ալիկ Արզումանյանի հայտարարության առիթով, թե քանի իշխող կուսակցությունը ներկա է, Մարտի 1-ը չի կարող բացահայտվել, դրա թե՛ ձևակերպումը, թե՛ փաստարկները շատ համոզիչ էին, Հակոբյանը համոզմունք հայտնեց՝ իշխանությունը շահագրգռված չէ, որ մարտիմեկյան սպանդը բացահայտվի:
«Մարտի 1-ն անպայման ունի մեղավորներ, կազմակերպիչներ և, բնականաբար, Մարտի 1-ը հետևանք էր նախագահական ընտրությունների, իսկ ցանկացած ընտրությունների պատասխանատուն իշխանությունն է։ Չեմ ասում՝ միայն իշխանությունն է, բայց հիմնականը իշխանությունն է»,- ասաց պատգամավորը։
Նա համոզմունք հայտնեց, որ վեց տարիների ընթացքում տասը զոհերի մեղավորները չբացահատվեցին, քանի որ իշխանությունը քաղաքական կամք չունի։ «Իշխանությունը քաղաքական կամք չունի, որ հարցը քաղաքական դաշտից տեղափոխվի իրավական»,-ասաց նա՝ նկատելով, որ եթե կամք լինի, Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունն արդեն չի էլ լինի, ամեն ինչ կբացահայտվի իրավական դաշտում։
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին անդրադառնալով՝ Հակոբյանը նշեց, որ միայն վարչապետի ու կառավարության փոփոխությամբ խնդիրները չեն լուծվի, այստեղ արմատական, համակարգային փոփոխություններ են պետք: «Որ Պողոսի փոխարեն Պետրոսը լինի, ոչ մի բան չի կարող փոխվել»,- համոզմունք հայտնեց նա:
Լուսանկարը՝ Photolure-ի








































