Եգիպտական բանակի գեներալ-մայոր իբրահիմ Աբդել-Աթին հայտարարել է, որ Աստծո օգնությամբ և հույսի շնորհիվ իրեն հաջողվել է հաղթել ՁԻԱՀ-ը և հեպատիտ C-ն՝ հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ գեներալը պատրաստվում է վարակիչ հիվանդությունները բուժել հետևյալ կերպ՝ «Ես կվերցնեմ ՁԻԱՀ-ը հիվանդից և նրան կսնուցեմ ՁԻԱՀ-ի դեմ դեղորայքով: Ես այն կվերցնեմ որպես հիվանդություն և կվերադարձնեմ դեղորայքի ձևով: Դա գիտական բացահայտման լավագույն ձևն է»:
Զինվորականների հետազոտական թիմի անդամ Իհսան Հանֆի Հուսեյնի խոսքերով՝ թերապիան հիմնված է, այսպես կոչված, «լիակատար ապաքինման սարքի» օգտագործման վրա, որի օգնությամբ հիվանդից արյուն են վերցնում՝ «քայքայելով հիվանդությունը», որից հետո արյունը հետ են ներարկում:
Ռազմական բժշկի խոսքերով՝ ընթացակարգը հիվանդությունը բուժում է 16 ժամվա ընթացքում: Զինվորականներից ոչ մեկը չի հստակեցրել, թե ինչ է տեղի ունենում արյան հոսքում մնացած վիրուսը: Հաղորդագրությունից պարզ չէ նաև, թե սարքն ինչ կերպ է քայքայում հիվանդությունը:
Նկարագրված ընթացակարգերը և սարքի աշխատանքի սկզբունքը գիտական մամուլում հրապարակված չեն:











































