Անցած` 2013 թվականը Հայաստանի տնտեսության համար բավականին անբարենպաստ էր, իսկ այս տարվա հատկապես առաջին կեսը, ինչպես նաև 2015 թվականը աչքի են ընկնում անորոշությունների բարձր աստիճանով:
1. Այսպես, Ռուսաստանը տարին սկսել է անկմամբ, և կանխատեսվում է, որ առնվազն մինչև մայիս ամիս այն կշարունակվի: 7 տոկոսով նվազել է ներդրումների ծավալը: Ընդհանրապես՝ այս տարվա համար արտասահմանյան ներդրումների նվազում է սպասվում գրեթե բոլոր զարգացող երկրներում, այդ թվում՝ Բրազիլիայում, Թուրքիայում ու Ռուսաստանում: Պատճառը մեկն է՝ ԱՄՆ Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությունը: Նախորդ տարիներին այն բավականին խթանող էր՝ ավելացնում էր շրջանառության մեջ գտնվող փողի քանակությունն ու նվազեցնում տոկոսադրույքները: Այս տարի նախատեսվում է, որ շրջանառության մեջ փողի քանակությունը կարող է ավելի քիչ ավելացվել, որի հետևանքով տոկոսադրույքները ԱՄՆ-ում կարող են փոքր-ինչ բարձրանալ: Իսկ երբ ԱՄՆ-ում տոկոսադրույքները բարձրանում են, այդ երկրում փողը ներդնելը ձեռնտու է դառնում: Արդյունքում ամբողջ զարգացող աշխարհից գործարարները հանում են իրենց կապիտալն ու տանում ԱՄՆ: Դա հանգեցնում է զարգացող երկրների արժույթների արժեզրկմանը, ներդրումների նվազմանն ու տնտեսական աճի դանդաղեցմանը:
ԱՄՆ այս քաղաքականությունը թեև ուղղակի ազդեցություն Հայաստանի վրա չի թողնի, քանի որ այստեղ վերջին տարիներին գրեթե չեն կատարվում ներդրումներ (որոնք կարող էին դադարել), սակայն անուղղակի ազդեցությունը զգալի կլինի: Խոսքը դարձյալ Ռուսաստանին է վերաբերում՝ մեր հիմնական առևտրային գործընկերներից մեկին, ում բաժին է ընկնում արտահանման 24%-ը: Ռուսաստանի տնտեսության վատթարացումը ուղղակի ազդեցություն կթողնի մեր արտահանման վրա: Ավելին` կնվազեն Ռուսաստանից Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտները. Կենտրոնական բանկը 2014-ի համար կանխատեսում է 7-9% աճ՝ 2012-ի 21% և 2013-ի 11% աճերի փոխարեն:
2. Մյուս առևտրային գործընկերոջ՝ ԵՄ-ի տնտեսական վիճակը գնալով լավանում է: Սպասվում է, որ 2013թ. վերջի աճը կշարունակվի նաև այս տարի: Եվ եթե 2013թ. վերջին ԵՄ-ում տարեկան տնտեսական կտրվածքով, այնուամենայնիվ, անկում արձանագրվեց, ապա այս տարվա համար կանխատեսվում է ավելի քան 1% աճ: Այսինքն՝ այս առումով իրավիճակը մեզ համար կարելի է բարվոք համարել, քանի որ ԵՄ-ն էլ մեր մյուս խոշոր առևտրային գործընկերն է՝ 28% մասնաբաժնով: Սակայն բանն այն է, որ ամենայն հավանականությամբ ԵՄ-ն առաջիկայում կդադարեցնի GSP+ համակարգի գործարկումը Հայաստանի համար, երբ Հայաստանը մտնի Մաքսային միություն: Սա նշանակում է, որ Հայաստանը ԵՄ ապրանքներ արտահանելիս ավելի շատ դժվարությունների կհանդիպի, ինչը նշանակում է՝ արտահանման ավելի ցածր աճ: Այսինքն՝ Մաքսային միություն մտնելու պատճառով մենք «կվայելենք» Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի հետևանքները՝ միաժամանակ չկարողանալով օգտվել Եվրամիության տնտեսության աշխուժացման դրական հետևանքներից:
3. Դեռևս պարզ չէ, թե որ ապրանքները կթանկանան՝ Մաքսային միություն Հայաստանի մտնելուց հետո: Մաքսատուրքերը չբարձրացնելու բացառությունների ցանկը, որ կազմել է հայկական կողմը, ներառում է 900 ապրանքատեսակներ: Մինչդեռ պարզ չէ՝ որքանով կհաջողվի հասնել նրան, որ այդ ապրանքների կամ դրանց մի մասի նկատմամբ բացառություններ արվեն: Իսկ մաքսատուրքերի բարձրացումն ու լրացուցիչ գնաճային ճնշումը կարող է ստիպել ԿԲ-ին վարել կոշտ դրամավարկային քաղաքականություն ու զսպել տնտեսական աճը:
4. Շարունակում է անորոշ մնալ Հայաստանի շինարարության ապագան: Անցած տարվա սկզբին, ինչպես նաև այս տարի, այս ոլորտում աճ էր կանխատեսվում: Սակայն 2013-ի վերջին աճի փոխարեն ունեցանք զգալի անկում, բացառված չէ, որ այս տարի ևս ոլորտը շարունակի անկում ապրել՝ նշանակալի ազդեցություն թողնելով ՀՆԱ-ի փոփոխության վրա:
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ անորոշությունները բավականին շատ են, թեև որոշ միտումներ կհստակեցվեն արդեն 2014-ի կեսերից:










































