ԵԿՄ 10-րդ համագումարին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «իրենց երկրապահ համարողներին» կոչ էր արել մանրամասն ու հանգամանալից ներկայացնել, թե որտեղ են կռվել և արյուն թափել: Սակայն, պարզվում է, Արաբոյի Մանվելի շրջապատում ևս այդպիսի «ազատամարտիկներ» կան:
Ինչպես հայտնի է, 2013թ. վերջին ամիսներին մի խումբ ազատամարտիկներ հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում, ինչից հետո որոշեցին ստեղծել, այսպես կոչված, «Ռազմադաշտային հրամանատարների խորհուրդ»: Տրամաբանությունը հուշում է, որ այդ խորհրդի կազմում պետք է ընդգրկվեին ռազմադաշտային հրամանատարներ կամ գոնե ազատամարտի հետ որևէ կերպ առնչված անձինք:
Սակայն «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Մանվել Եղիազարյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ասլան Գրիգորյանի և այլ ազատամարտիկների հետ այդ խորհրդի կազմում ընդգրկվել է նաև լրագրողական որոշ շրջանակներում հայտնի Սուրեն Սարգսյանը, որը վարում է ազատամարտիկների հանրահավաքներն ու նրանց անունից շփվում լրագրողների հետ՝ ներկայանալով որպես ազատամարտիկ և դաշտային հրամանատար:
Սարգսյանը նախկին կամավորականների ու հասարակական-քաղաքական շրջանակներում հայտնվել է 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ, մի քանի անգամ ելույթներ ունեցել հանրահավաքներին, ինչից հետո անհետացել է: Այնուհետև նա հայտնվել է ազատամարտիկների հանրահավաքների ժամանակ:
Մասնագիտությամբ լրագրող և ի տարբերություն խորհրդի մյուս անդամների՝ բանավոր խոսքի, լսարանի առջև ելույթ ունենալու, լրագրողների հետ շփվելու «արվեստին» տիրապետող Սարգսյանը ընդգրկվել է խորհրդի կազմում՝ որպես հանրահավաքներ վարող:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վանաձորցի մի քանի ազատամարտիկներ և ջոկատի հրամանատարներ տեղեկացրին, որ չեն ճանաչում Սուրեն Սարգսյան անվամբ ազատամարտիկի:
Նրանց խոսքով՝ պատերազմի տարիներին ռազմաճակատի հայաստանյան կամ ղարաբաղյան որևէ հատվածում չեն հանդիպել «Վանաձորի Սուրենին» կամ լսել նրա անունը՝ որպես դաշտային հրամանատարի: Մեր զրուցակիցները հիշեցին, որ տարիներ առաջ Ս. Սարգսյանը հրատարակել է «Մենք» վերնագրով գրքույկ՝ մի քանի կամավորական ջոկատների անցած մարտական ուղու մասին:
ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների մեր աղբյուրները ևս հայտնեցին, որ իրենց մոտ չկա մարտական գործողություններին Սուրեն Սարգսյանի մասնակցությունը հաստատող որևէ վկայություն: Միայն ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում հիշեցին, որ 1990թ. ՀԱԲ-ի ղեկավարներից մեկը Ս. Սարգսյանին, որպես երիտասարդ լրագրողի, իր հետ մեկ անգամ Նոյեմբերյան է տարել, ինչը, սակայն, առնչվել է նրա մասնագիտական գործունեությանը, ոչ թե մարտական գործողություններին: Ոչ ոք այդպես էլ չի հիշում նրա պատրաստած որևէ ռազմական տեսանյութ:
Որ Սուրեն Սարգսյանը չի մասնակցել մարտական գործողություններին, վկայում է նաև այն, որ նա, ունենալով մեծ քանակությամբ հրապարակային ելույթներ,
որևէ դեպքի կամ երևույթի վերաբերյալ չի անցկացրել պատերազմական գոնե մեկ զուգահեռ, չի անդրադարձել պատերազմական գեթ մեկ հիշողության:
Ի դեպ, «Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի» անդամները ևս խնամքով շրջանցում են Սուրեն Սարգսյանի անցած «մարտական ուղուն» վերաբերող ցանկացած հարց:
Ստացվում է, որ Սուրեն Սարգսյանը չի մասնակցել Արցախյան ազատամարտին: Նրա անունը ազատամարտիկների շրջանում և Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում մինչև 2008 թվականի նախագահական ընտրությունները անհայտ է եղել: Սակայն «Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի» անդամների ակամա համաձայնությամբ Սուրեն Սարգսյանը սկսել է հանդես գալ որպես ազատամարտիկ, ապա աննկատ կերպով դարձել «դաշտային հրամանատար»՝ այդ կերպ ամրապնդելով իր իսկ հորինած լեգենդը «Վանաձորի Սուրենի» մասին:
Միաժամանակ Սուրեն Սարգսյանը հասարակական-քաղաքական ցանկացած երևույթի և իրադարձության մասին իսկույն հանդես է գալիս ամենակոպիտ գնահատականներով՝ գերազանցելով անգամ արմատական ընդդիմության ներկայացուցիչներին. չունենալով վերլուծական կարողություններ՝ հատկապես վերջին շրջանում նա ստիպված է լինում իր խոսքը կառուցել պետական պաշտոնյաներին հասցվող անձնական վիրավորանքների վրա:
Ի դեպ, ազատամարտիկ ներկայացող և հայրենիքի մասին խոսող Սուրեն Սարգսյանի որդիները չեն ծառայել ՀՀ զինված ուժերում՝ իբր հիվանդության պատճառով:









































