Չորեքշաբթի օրը Վենեսուելայում՝ «Միրաֆլորես» նախագահական նստավայրում, տեղի է ունեցել հանուն խաղաղության համազգային համաժողով՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ղեկավարությամբ, տարբեր քաղաքական ուժերի և բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:
Միջոցառման մասնակցությունից հրաժարվել է ընդդիմությունը, սակայն ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ներկա են եղել: Հանդիպումը կազմակերպվել է Մադուրոյի կողմից՝ զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին, որոնց ժամանակ, նրա տվյալներով, զոհվել է առնվազն 50 մարդ: Նախագահն առաջարկել է ստեղծել հասարակության տարբեր շերտերի համակարգման և կապերի հարցերով հանձնաժողով, որը կքննի երկրի խաղաղությանն առնչվող բոլոր առաջարկությունները:
Երկրում երկխոսություն սկսելու և իրավիճակի կարգավորման համար նախագահը կարևոր է համարել կողմերի կողմից Սահմանադրությունը հարգելը, բռնության դադարեցումը, ինչպես նաև Վենեսուելայի պաշտպանության գործում միաբանությունը՝ հնարավոր օտարերկրյա ագրեսիայի դեպքում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ բռնության և ճանապարհները փակելու հետևանքով երկրում զոհվել է առնվազն 50 մարդ: Նրա խոսքով՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր չեն կարողացել սպասել բժշկական օգնության, քանի որ շտապօգնության մեքենաները չեն կարողացել հասնել տուժածներին: