Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ-ի ներկայացրած նախագիծը, որին միացել են ոչ իշխանական մյուս երեք՝ «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները: ՀԱԿ-ը նմանատիպ մի նախաձեռնություն էլ ներկայացրել էր անցած տարվա նախագահական ընտրություններից առաջ, որը մերժվեց խորհրդարանական մեծամասնության կողմից: Այն հավանաբար կմերժվի նաև այս անգամ, քանի որ Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունները նորից դրան դեմ կքվեարկեն:
Ընդամենը երկու օր հետո լրանում է 2008թ. մարտի 1-2-ի արյունոտ իրադարձությունների վեցերորդ տարելիցը, սակայն մինչև օրս բացահայտված չեն, թե ովքեր են կրակել 10 զոհերի և հրազենային վնասվածք ստացած բազմաթիվ վիրավորների վրա: Հատկապես զոհվածների հարազատները մինչ օրս արդարադատություն են պահանջում, սակայն այդպես էլ չեն կարողանում դատապարտված տեսնել իրենց հարազատներին սպանողներին կամ այդ իրադարձությունների պատասխանատուներին: Եվ հասկանալի է, որ այդ առումով ՀԱԿ-ը պետք է պահանջատեր լինի, ու քանի դեռ մեղավորները չեն բացահայտվել ու չեն պատժվել, ցանկացած առիթով պետք է այդ հարցը բարձրացնի: Կլինի դա այդ դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ, հանրահավաք, հայտարարություն, թե այլ միջոց, այդ կուսակցությունը պետք է օգտագործի ցանկացած միջոց այս հարցը բարձրացնելու համար: Հասկանալի է նաև այն, որ խորհրդարանական մեծամասնությունն էլ նույն համառությամբ մերժելու է նման պահանջները: Հասկանալի է նաև, որ ընդդիմության նման առաջարկների քննարկման ժամանակ նրանք նաև պետք է հեգնեն, անվստահություն հայտնեն այդ նախագծերին, մինչև անգամ հակագրոհի անցնեն, ինչը և երեկ արեցին, հակառակ պարագայում պետք է պատժեն իրենց իսկ ձևավորած իշխանության մի շարք պաշտոնյաների:
Այս պարագայում, սակայն, անհասկանալի է այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը, որը 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ու դրանից հետո պաշտպանում էր այն ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Դրանից բացի` Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խումբը ձեռք էր բերել մի փաստաթուղթ, որի համաձայն` հինգ բարձրաստիճան պաշտոնյաների և չորս պատգամավորների մարտի 1-ին Պաշտպանության նախարարության թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել են 950 հատ զինվորական կոստյումներ և 140 հատ գլխարկներ: Այդ պաշտոնյաների մեջ նշված է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անունը, ով ամենաշատն է ստացել այդ համազգեստներից ու գլխարկներից: Եվ այն ժամանակ կարծիք կար, որ այդ համազգեստները բաժանվել են այդ պաշտոնյաների թիկնապահներին, ովքեր էլ կրակել են ցուցարարների վրա:
Ավելին` ԲՀԿ խմբակցությունում են գտնվում այդ իրադարձությունների կենտրոնում գտնվող երկու խիստ առանցքային ներկայացուցիչներ՝ Ներքին զորքերի նախկին հրամանատար Գիրգոր Գրիգորյանը և արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Վերջինս, հիշեցնենք, մարտի 1-ից անմիջապես հետո հրավիրել էր եվրոպական երկրների դեսպաններին ու փորձում էր միջազգային հանրության մոտ արդարացնել այդ արյունոտ իրադարձությունները: Նա նույն արդարացումներով նաև հեռուստաելույթով հանդես եկավ: Եվ այսօր նրանց գլխավորած քաղաքական ուժը ՀԱԿ-ի հետ միասին պահանջում է Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտումը` այն դեպքում, երբ այն ժամանակ գտնվում էր ՀԱԿ-ի հակառակ բարիկադներում:
Արդյո՞ք Գ. Ծառուկյանը կգա Ազգային ժողով ու իր կուսակիցների նման կողմ կքվեարկի ՀԱԿ-ի կողմից առաջարկվող և իր գլխավորած խմբակցության կողմից պաշտպանվող՝ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծին: Արդյո՞ք Գ. Ծառուկյանն ու ԲՀԿ-ն կողմ կքվեարկեն նման նախագծին, եթե հաստատ իմանան, որ այն կընդունվի, հանձնաժողովը կստեղծվի և իրական բացահայտումներ կանի: Թե՞ համոզված են, որ, միևնույն է, ՀՀԿ-ն այն կմերժի, իսկ իրենք կողմ քվեարկելով՝ կփորձեն ձերբազատվել այդ իրադարձությունների հետ վերը նշված կապից: Կամ՝ արդյո՞ք կողմ քվեարկելով՝ ԲՀԿ-ն կկարողանա այս երևույթները մոռացության մատնել: Դժվար թե: Հատկապես, երբ ցանկացած նման քննարկման ժամանակ կլինեն մարդիկ, անգամ պատգամավորներ, ովքեր կհիշեցնեն վերը նշված փաստաթղթի մասին: Այս անգամ դա արեց Ալեքսանդր Արզումանյանը, ով 2008թ. Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր և մարտի 1-ից հետո՝ «7-ի գործով» կալանավորվածներից ու դատապարտվածներից մեկը:
Իմիջիայլոց, նշենք, որ երբ Ա. Արզումանյանը երեկ հարց հնչեցրեց վերը նշված՝ ՊՆ-ից զինվորական հագուստ ստանալու փաստաթղթի մասին, նախագահականում նստած Հովիկ Աբրահամյանը լարվեց: Հիշեցնենք նաև, որ այդ փաստաթղթի համաձայն` նա նույնպես զինվորական համազգեստ ստացող պաշտոնյաներից է եղել: Եվ ճիշտ է, ՀԱԿ-ի այս առաջարկությունն այսօր կամ վաղը կմերժվի, ժամանակավոր հանձնաժողովը չի ստեղծվի, առայժմ Մարտի 1-ի իրադարձություններն էլ չեն բացահայտվի, բայց ամեն անգամ այդ իրադարձությունների մասին անդրադարձ լինելու դեպքում այդ պաշտոնյաները ջղաձգվելու են: Ինչպես նախօրեին մեզ հետ զրույցում Գ. Գրիգորյանն էր ասել, թե մարտի 1-ը իր կյանքի ամենավատ օրերից մեկն է, որովհետև «սև օր էր, արյուն էր, զոհեր կային»:







































