Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն էլ նշում է, որ համաձայնագիրը (CEPA) Բունդեսթագը հավանության է արժանացրել ապրիլի 4-ին՝ ձայների ճնշող մեծամասնությամբ։ Ընդ որում՝ մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ կողմ քվեարկողների մեծ մասը իրենց այդ որոշումը մեկնաբանել են նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ժողովրդավարական հեղափոխությամբ։ «Շրջանակային պայմանները Համաձայնագրի համար հրաշալի են «Թավշյա հեղափոխության» դրական զարգացումներից ի վեր։
Ուրախ ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բովանդակալից ճանապարհային քարտեզ է ներկայացրել համաձայնագրի իրականացման համար։ Մենք հաճույքով ենք մասնակցում Համաձայնագրի իրականացմանը»,- իր հերթին նշել է դեսպան Մաթիաս Քիսլերը։
![]()
Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով՝ Բունդեսթագի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի վավերացումը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գերմանիան Եվրամիության շրջանակներում ունի առանցքային դերակատարություն։
«ԵՄ առաջատար երկրներից մեկի կողմից այս համաձայնագրի վավերացման գործընթացը, իհարկե, դրական կարող է անդրադառնալ Եվրամիության մյուս երկրների համար գործընթացի խթանման տեսանկյունից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, քննադատելով Հայաստանի նոր իշխանությունների արտաքին քաղաքականությունը, նշել էր, որ մինչ այս պահը Եվրամիության առանցքային երկրներ Գերմանիան ու Ֆրանսիան չեն վավերացրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։
Նարեկ Մինասյանն ընդգծեց. «Ինչպես հայտնի դարձավ Գերմանիայում Հայաստանի դեսպանի հայտարարությունից՝ Գերմանիայում վավերացման գործընթացի դանդաղումը պայմանավորված էր տեխնիկական հարցերով։ Գերմանիայի օրենսդրության համաձայն՝ ցանկացած պայմանագիր, որ պետք է վավերացվի Բունդեսթագում, պետք է լինի գերմաներեն։ Նման ծավալուն պայմանագրի թարգմանությունը բավականին մեծ ժամանակ է պահանջել»։
Քաղաքագետը ուշագրավ է համարում նաև այն հանգամանքը, որ այս վավերացումը տեղի է ունենում վերջին շրջանում հայ-գերմանական զարգացող հարաբերությունների ֆոնին. «Սկզբում Հայաստան այցելեց կանցլեր Մերկելը, այնուհետև հաջորդեցին ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի այցերը Գերմանիա, ինչը դրական դինամիկա էր հաղորդել երկկողմ հարաբերություններին։ Վստահ եմ, որ այդ հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև համաձայնագրի վավերացման հարցը։ Ըստ էության կարող ենք արձանագրել, որ գործընթացը շարունակվում է և ենթադրում եմ, որ առաջիկայում ԵՄ անդամ այլ երկրներ ևս կվավերացնեն համաձայնագիրը»։
Ինչ վերաբերում է Հայաստանի նոր իշխանությունների և Եվրամիության համագործակցությանը, քաղաքագետը նշեց. «Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նույն եվրոպական կողմը ևս դրական է գնահատում և արձանագրում այն դրական փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանում։ Կարծես թե ժողովրդավարացման գործընթացը բավականին դրական գնահատականի է արժանանում, այդ թվում՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Սա չի կարող դրական չանդրադառնալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման տեսանկյունից՝ ընդհանուր ֆոնը լիարժեքորեն փոփոխվել է և այսօր բավականին նպաստավոր և դրական է»։
Մինասյանը շեշտում է՝ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել հավելյալ միջոցներ տրամադրել Հայաստանին, որպեսզի աջակցի այն բարեփոխումների օրակարգին, որ այսօր առկա է՝ հաշվի առնելով այն ժողովրդավարական առաջընթացը, որ մեր երկիրն արձանագրել է։

Փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Բունդեսթագի կողմից համաձայնագրի վավերացումը լավագույնս վկայում է, որ Արմեն Աշոտյանն իր գնահատականներում սխալվել է։ «Եվրամիության առանցքային երկրներից Գերմանիան արդեն վավերացրեց այդ համաձայնագիրը, առաջիկայում Ֆրանսիան ևս կվավերացնի։ Եվրամիության մեկ այլ շատ կարևոր երկիր՝ Մեծ Բրիտանիան, նույնպես վավերացրել է համաձայնագիրը»- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ Եվրամիությունում կա կոնսենսուս, վճռականություն՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավորինս շուտ վավերացնելու և ամբողջ ուժով գործունեության մեջ մտնելու հետ կապված. «Դատելով երկու կողմերից հնչած ուղերձներից՝ դրական եմ գնահատում երկկողմ հարաբերությունները։ Պատահական չէ, որ վերջերս Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ Հայաստանում առաջին անգամ իրենք աշխատում են մի կառավարության հետ, որը հստակ գիտի, թե ինչ է ուզում։ Սա ևս մեկ փարատումն է նախորդ իշխանությունների այն մտահոգության, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մակարդակն այնքան էլ բարձր չէ»։
Վարդանյանը նշեց՝ ՀՀ իշխանությունները 13 խոշոր ծրագիր են ներկայացրել Եվրամիությանը, որը Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել ֆինանսավորելու, եթե Հայաստանը համաֆինանսավորի դրանք. «Այժմ Հայաստանը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի համապատասխան ֆինանսները գտնելու համար, որպեսզի այդ ծրագրերը կյանքի կոչվեն։ Դրանք աննախադեպ ծրագրեր են լինելու. եթե չեմ սխալվում՝ 750 միլիոն դոլարից ավելի գումարի մասին է։ Հայաստանի պատմության մեջ Եվրամիության կողմից միանգամից նման ծավալի ներդրում չի եղել։ Այնպես որ, երկու կողմերի ուղերձները գալիս են հստակ ասելու, որ երկու կողմերը շահագրգռված են զարգացնելու հարաբերությունների մակարդակը»։








































