«Թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց դատաիրավական ոլորտում բարեփոխումները նույնիսկ չեն էլ սկսվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Նրա խոսքով՝ վերջնական ձևավորված չէ այն հայեցակարգը, թե ինչ արմատական փոփոխություններ պետք է կատարվեն ընդհանրապես:
«Ընդհանուր առմամբ մեզ նոր դատական համակարգ է պետք, քանի որ գոյություն ունեցողը տարիներ շարունակ գնահատվել է խնդրահարույց։ Իհարկե, քաղաքական իրավիճակը փոխվել է, և գործադիր իշխանությունը դատականին կախվածոթւյան մեջ պահելու անհրաժեշտություն չունի, բայց դատական բոլոր ինստիտուտների վերաբերյալ լուրջ վերապահումներ կան, որոնց մասին ժամանակին նախկին ՄԻՊ-ն իր արտահերթ զեկույցում հայտնել էր»,- ընդգծեց իրավապաշտպանը։
Նրա խոսքով՝ ամեն դեպքում, փաստ է, որ արատավոր երևույթները պահպանվում են, դեռևս դատավորներ են ձերբակալվում կաշառք վերցնելու գործով։ «Մենք դեռ տեսնում ենք, որ դատական իշխանությունը լեգիտիմ չէ։ Պետք է անպայման զտում կատարել ոչ միայն դատական համակարգում, այլև իրավապահ համակարգերում՝ ոստիկանություն, քննչական ծառայություններ և այլ կառույցներ, որոնք ձևավորվել են նախկին իշխանությունների ժամանակ։ Բայց հիմա պետք է նոր ինստիտուտներ ձևավորվեն, նոր հարաբերություններ կառուցվեն։ …Ուստի այս ամենի համար արդարադատության նախարարությունը պետք է հեղափոխական մոտեցումներ ցուցաբերի։ Շտապողականություն պետք չէ այս հարցում, բայց հստակեցում պետք է»,- ասաց Սաքունցը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:








































