ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել է, որ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականը Ղազախստանի նախագահի պաշտոնից չի ազդի ՀԱՊԿ-ում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման վրա՝ տեղեկացնում է ria.ru-ն:
«Ղազախստանի նախագահի փոփոխությունը չի ազդի համաձայնությունների և ծրագրերի իրականացման հետագա ընթացքի վրա, որոնք ավելի վաղ ընդունվել են ՀԱՊԿ-ում և այժմ իրագործվում են: Ինչպե՞ս դա կարող է ազդել, եթե ՀԱՊԿ-ի բոլոր անդամ երկրները կապված են միևնույն պայմանագրով: Այնտեղ հստակ շարադրված են կողմերի պարտականությունները մեկը մյուսի հանդեպ»,- ասել է Սեմերիկովը:
Նրա խոսքով՝ Նազարբաևի հրաժարականը չի նշանակում, որ նրա ստորագրած որոշումներն անօրինական են դառնալու:
Հիշեցնենք, որ Նազարբաևը, ելույթ ունենալով հանրային հեռուստատեսությամբ, հայտարարել է նախագահի պարտականությունները վայր դնելու մասին: