Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին երեկ սպառնացել է, որ պատերազմական գործողությունները կտեղափոխի արևմտյան այն երկրների տարածքներ, որոնք մասնակցում են Լիբիայի տարածքի ռմբակոծությանը: «Եթե դուք չդադարեցնենք ռազմական գործողությունները և հանգիստ չթողնեք Լիբիայի ժողովրդին, ապա ձեզ աղետ է սպասում: Մենք ի վիճակի ենք ներխուժել Եվրոպա մորեխների կամ մեղուների նման և ագրեսորներին պատասխանել իրենց իսկ մեթոդներով»,- ասել է Քադաֆին հեռախոսային ուղերձում, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
«Այս ժողովուրդը ճակատամարտ կսկսի Եվրոպայում, և այդ ժամանակ օրինական թիրախներ կդառնան ձեր տները, գրասենյակները և ընտանիքները»,- ասել է Լիբիայի առաջնորդը՝ խորհուրդ տալով իր քաղաքական հակառակորդներին ներողություն խնդրել ժողովրդից և լքել երկիրը:
Երեկ հայտնի է դարձել, որ Հասարակածային Գվինեայում ավարտվել է Աֆրիկյան Միության գագաթնաժողովը, որտեղ Լիբիայում քաղաքական կարգավորման հարցով ընդունվել է «ճանապարհային քարտեզ», որը նախատեսում է բանակցությունների սկիզբ Տրիպոլիի և Բենղազիի ապստամբների միջև: Ինչպես գրված է վերջնական փաստաթղթում՝ Մուամար Քադաֆին համաձայնել է բանակցություններ վարել ընդդիմության հետ: Սակայն համաձայնություն ձեռք չի բերվել այն հարցի շուրջ, թե ինչ ապագա է ունենալու Քադաֆին այդ երկրում:











































