Վաշինգթոնը մտահոգված է, որ Չինաստանը կարող է լրտեսել ստորջրյա մալուխների միջոցով:
Ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, ամերիկացի փորձագետները կարծում են, որ մալուխները բավարար չափով պաշտպանված չեն երկիրը լրտեսությունից զերծ պահելու համար: Բացի այդ, մտահոգությունները խորացնում է ստորջրյա մալուխային ցանցի ստեղծման աշխատանքներում Huawei ընկերության ներգրավվածությունը:

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները չինական Huawei-ին մեղադրել են այն բանում, որ ընկերության հեռահաղորդակցության սարքավորումներն օգտագործվում են այլ երկրներում լրտեսություն իրականացնելու համար: Այս առումով ՆԱՏՕ-ն սպառնացել է Գերմանիային կապի ալիքների կրճատմամբ, G5 հեռահաղորդակցության համակարգի ստեղծման գործում Huawei-ին ներգրավելու համար:












































