Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ արտահերթ նիստը շարունակում է մնալ ամենաշատ քննարկվող իրադարձությունը, որը գործնականում կարող է պատմական դառնալ Արցախի հարցի պատմության համատեքստում: Պատմական այն իմաստով, որ հայկական կողմը Մինսկի խմբի համանախագահների առաջ կամ, այլ կերպ ասած, բանակցային սեղանին դնում է նոր տրամաբանության հարց, որն այլ բան չէ, քան մինչ այժմ բանակցային հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքների» չեղարկում: Երևանն ուղիղ չի հայտարարում այդ մասին, սակայն գործնականում ազդարարում է, որ համանախագահները պետք է ներկայացնեն ավելի հստակ և անվիճելի բանակցային հիմք, որը չտա նենգափոխումների կամ տարբեր մեկնաբանությունների տեղիք:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետներ Ալեն Ղևոնդյանը, Անդրիաս Ղուկասյանը և Նարեկ Մինասյանը:
«Վարչապետ Փաշինյանի ներկայացրած թեզը ոչ այնքան ընդհանուր «Մադրիդյան սկզբունքների» ձևաչափից դուրս քաղաքական ուղեգիծ է, որքան ուրույն քաղաքական ձեռագրով այդ սկզբունքների տիրույթ մուտք գործելու հնարավորություն կամ ձևաչափ: Թեզը, որ արցախյան կողմին պետք է ներկայացնեն Արցախի ժողովրդի կողմից օրինական ընտրված ներկայացուցիչները, փաստարկված է և հասկանալի,- նշեց Ա. Ղևոնդյանը:- Մյուս կողմից՝ այս թեզը հետաքրքիր կերպով Հայաստան-Արցախ հարաբերությունների տիրույթում է. Փաշինյանը չունի վստահության մանդատ, բայց նա կարող է ստանալ այն, և անվտանգության խորհրդի համատեղ նիստը քայլ էր նաև ուղղված նրան, որ Փաշինյանը ստանա այդ վստահության մանդատը: Վստահության ամրապնդման անհրաժեշտություն կար: Կարևորում եմ նաև «Մադրիդյան սկզբունքների» բաղադրիչների և ենթաբաղադրիչների հստակեցումների անհրաժեշտությունը… Փոխզիջման մասին ունենք տարընկալումներ և ունենք արժեքային դիսբալանս: Հնարավոր է բանակցային վարքի փոփոխություն լինի»: Ա. Ղևոնդյանը նաև ընդգծեց, որ Փաշինյանի հայտարարությունը առաջին և միակ հանրային հստակեցումն էր՝ արցախյան խնդրի կարգավորման հայկական տեսլականի մասով:
«Ստեփանակերտից արված հայտարարությունը ուղերձ էր՝ ուղղված Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև նրանց տարածած հայտարարության հետ կապված արձագանք էր պարունակում: Մի քանի հստակեցումներ կատարվեցին, առաջինը՝ հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը համանախագահների ներքո, հայկական կողմը պատրսատ է խոսել «Մադրիդյան սկզբունքների շուրջ՝ հստակեցման նպատակով, և հայկական կողմը շարունակելու է խոսել բանակցային ձևաչափի լիարժեքության վերականգնան վերաբերյալ. սրանք կարևոր ուղերձներ էին, կային նաև այլ կարևոր շեշտադրումներ»,- նշեց Ա.Մինասյանը՝ հավելելով, որ Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ հայկական կողմը հստակեցերեց իր դիրքորոշումը:
Անդրիաս Ղուկասյանի դիտակմամբ՝ նոր զարգացումները չեն կարող չեղարկել Ալիև -Փաշինյան առաջիկա հանդիպումը: Նրա խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահները առաջարկում են կնքել շրջանակային, համապարփակ, խաղաղ կարգավորման համաձայնագիր՝ ներառելով բոլոր խնդիրները:
Մանրամասն՝ տեսանյութում:











































