Իշխանության և ընդդիմության միջև սրացումներ սպասվում են այն պարզ պատճառով, որ մոտենում են ընտրությունները: «Եթե հաշվի առնենք, որ մենք հակված ենք, մտածում ենք, և նաև այդպես է, որ արտահերթ ընտրությունների որևէ քաղաքական և այլ նախադրյալներ չկան, ապա նախընտրական փուլում, իհարկե, սրացումներ սպասվում են: Իսկ վերջնաժամկետ, սեպտեմբեր և այլն, և այլն, չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ դիրքորոշում է ընտրել, որովհետև մենք այդ նախապայմանների, վերջնաժամկետների հռետորաբանությունից մի քայլ առաջ էինք անցել և փոխադարձ ընկալման դաշտում էինք այլևս գտնվում»,- ընդգծեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Մեր հարցին՝ կարծում է, որ այս հանրահավաքից հետո մեկ քայլ ե՞տ ենք գնացել, Հ.Սահակյանը ավելացրեց. «Դե, եթե սկսենք վերջնագրերով և կոշտ հռետորաբանությամբ խոսել, իհարկե, մեկ չէ, այլ չորս քայլ հետ կգնանք: Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես ընդդիմադիր, որոշակի առումով պետք է իր այդ կուրսը պահեր: Նա բազմիցս արտահայտվել ու ասել էր՝ մենք հո այկիդո թե ուշու չե՞նք խաղում, այլ շախմատ ենք խաղում, հիմա չեմ կարծում, որ այդ կոշտ հռետորաբանությունը շախմատի մեջ ընկալելի է»:









































